ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունը՝ միանվագ դրամական աջակցության մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունը՝ միանվագ դրամական աջակցության մասին

Միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Այս մասին տեղեկացնում են ԱՀ օպեատիվ շտաբից՝ հղում անելով ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությանը։
 
Աջակցության չափը՝ յուրաքանչյուր մարդու համար, կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000-ական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու:
 
Եթե Արցախում հաշվառված քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ստանում է կենսաթոշակ կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստ կամ Արցախում ստանում է կենսաթոշակ, ապա միանվագ դրամական աջակցությունը կկազմի նվազագույն աշխատավարձի և քաղաքացու՝ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա ստացած կենսաթոշակի կամ նպաստի դրական տարբերության չափով։
 
Եթե քաղաքացին չունի սեփականության (այդ թվում բաժնային) իրավունքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող անշարժ գույք, կտրամադրվի լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով:
 
Աջակցության համար կարող են դիմել Արցախում հաշվառված բոլոր քաղաքացիները, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացին հոկտեմբեր ամսին Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ է ստացել:
 
Շահառու չի կարող դառնալ նաև այն քաղաքացին, ով 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ եկամուտ է ստացել Հայաստանի Հանրապետությունում կամ այստեղ հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր:
 
Դիմել չեն կարող նաև 18-ից 58 տարեկան տղամարդիկ, բացառությամբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:
 
Դրամական աջակցությունը կտրամադրվի կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
 
Աջակցության համար էլեկտրոնային դիմումները կընդունվեն նոյեմբերի 23-ից, իսկ դրանց ներկայացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն կտեղեկացնենք մոտ օրերս:
 
Աջակցությունը կտրամադրվի նաև այն դեպքում, եթե քաղաքացին արդեն վերադարձել է Արցախ։
 

  • Կիսվել: