երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի կապակցությամբ

Այսօր մենք միանում ենք Արցախի մեր հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում ենք մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը: Այս մասին ասվում է ԱԳՆ  տարածած հաղորդագրության մեջ։

Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը:

Արդյունքում այրվեց և ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, հոգևոր և մշակութային մեծ կենտրոն էր:  Աննախադեպ դաժանությամբ իրականացված այս վայրագությունը ղեկավարեց Խոսրով բեկ Սուլթանովը, ով հետագայում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, ակտիվ մասնակցություն ունեցավ նացիստական զորքերի շարքում ադրբեջանական լեգիոնի ստեղծման գործում:

Այնուհանդերձ, հրով և սրով Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց և փաստացի դարձավ Ադրբեջանի անկախության կորստի պատճառներից մեկը:

Այսօր, այս դեպքերից հարյուր տարի անց մենք մեր հարգանքի տուրքն են մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու հայ ժողովրդի վճռականությունը:

  • Կիսվել: