ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում կայացած նախագահական ընտրությունների ավարտի վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

՛՛Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին:

Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմափակման:

Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը՛՛:

  • Կիսվել: