չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Հետևողականորեն տարվող քաղաքականության արդյունքում հայկական Արցախը նախ հայաթափվեց, ապա սկսվեց երկրամասի հայկական ինքնության վերացումը. հայտարարություն

Հետևողականորեն տարվող քաղաքականության արդյունքում հայկական Արցախը նախ հայաթափվեց, ապա սկսվեց երկրամասի հայկական ինքնության վերացումը. հայտարարություն

Շուրջ տասը ամիս տևած շրջափակումից, ֆիզիկական և հոգեբանական բռնություններից և ճնշումներից, տասնամյակներ տարվող հակահայկական քարոզի և ատելության սերմանումից հետո՝ մեկ տարի առաջ, սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվեց շուրջ 120.000 հայ: Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Հիշողության մեջ հստակ ունենալով դեռևս 1900-ական թթ. սկսված բռնությունները, որոնք տարբեր ալիքներով տեղի էին ունեցել պատմության մի քանի շրջափուլերում` հանգեցնելով տասնյակ հազարավոր հայերի մահվան, ինչպես նաև հստակ գիտակցելով ագրեսորի ցեղասպան մտադրությունը` արցախահայերն այլ ելք չունեին, քան մի քանի օրվա ընթացքում լքել իրենց բնօրրանը:

Տասամսյա շրջափակմանը, որը Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի համաձայն ցեղասպանական գործողություն էր` ուղղված կյանքի այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, հաջորդեց մարդկության դեմ ուղղված մեկ այլ հանցագործություն, այն է` բռնի տեղահանումը:

Հստակ և հետևողականորեն տարվող քաղաքականության արդյունքում հայկական Արցախը նախ հայաթափվեց, ապա սկսվեց երկրամասի հայկական ինքնության վերացումը` ոչնչացնելով և/կամ նենգափոխելով տեղի հայկական նյութական և ոչ նյութական ժառանգությունը:

Վերահաստատելով Արցախի վերաբերյալ 2024 թ. սեպտեմբերի 2-ի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ընդունած բանաձևը` հրամայական է դառնում հետևողական լինել Արցախի և արցախահայության` միջազգային նորմերով սահմանաված իրավուքների պաշտպանության և մեղավորներին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: