ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտունու շրջանի Հերհեր համայնքը շուտով մանկապարտեզ կունենա

Մարտունու շրջանի Հերհեր համայնքը շուտով մանկապարտեզ կունենա

Մարտունու շրջանի Հերհեր համայնքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ հիմնանորոգվում է ապագա մանկապարտեզի շենքը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Արման Ալեքսանյանը՝ հավելելով, որ նախադպրոցական այս կրթօջախը կծառայի նաև հարևան երկու համայնքների՝ Ծովատեղի և Խերխանի երեխաներին: Ըստ Հերհերի համայնքապետի՝ գյուղը երբևէ մանկապարտեզ չի ունեցել:

«Շինաշխատանքները, ըստ նախատեսվածի, պետք է ավարտին հասցվեն եռամսյա ժամանակահատվածում: Գյուղում մանկապարտեզի ունենալը մեծ կարևորություն ունի: Շուրջ 35 երեխա ունենք, որոնք հնարավորություն կունենան նախադպրոցական կրթություն ստանալ»,-հավելել է համայնքապետը: Մեզ հետ զրույցում՝ ԿԽՄԿ առաքելության հաղորդակցման բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը նշել է, որ «Կրթության հասանելիություն» ծրագրի շրջանակներում փորձում են աջակցել, որպեսզի Արցախի համայնքներում երեխանները մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունենան:

«Հերհերի մանկապարտեզի շենքը կապիտալ վերանորոգվելու և կահավորվելու է ԿԽՄԿ-ի կողմից: Արդյունքում մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա 42-45 երեխա»,-հայտնել է նա:

  • Կիսվել: