ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանը մի քանի անգամ կորցրել է Արցախը ճանաչելու լավագույն հնարավորությունը. Արթուր Թովմասյան

Հայաստանը մի քանի անգամ կորցրել է Արցախը ճանաչելու լավագույն հնարավորությունը. Արթուր Թովմասյան

Ես չեմ գտնում, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը վերջնական փաստաթուղթ է: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Եթե կան բանակցություններ, ապա պետք է բանակցող կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, շատ ճկուն լինի, որովհետև հիմա մենք կանգնած ենք պատերազմի և խաղաղության միջև»,- նշեց նա։

Թովմասյանը նաև կարծիք հայտնեց, որ աշխարհի տարբեր երկրների տեղական ինքնակառավարման մակարդակով, որոշ երկրներում խորհրդարանների մակարդակով Արցախի ճանաչման գործընթացը կարող է օգտակար լինել ստեղծված իրավիճակում:

Խոսելով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հնարավորությունների մասին, Թովմասյանը նկատեց, որ ՀՀ-ն մինչև նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը: «Իմ կարծիքով՝ ՀՀ-ն մի քանի անգամ Արցախի անկախությունը ճանաչելու պահը կորցրել է. առաջին ամենահարմար պահը 1994 թվականի մայիսի 12-ին Բիշքեկի պայմանագրից անմիջապես հետո էր, որովհետև Ադրբեջանը շատ թույլ էր, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ և երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց ու հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում են զրոյից։ Այսինքն՝ մի քանի անգամ եղել են հարմար պահեր:

Հիմա դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները երկար ժամանակ մնացին ԱԺ օրակարգում։ Այդպես պետք է լիներ Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը․ թող դրական եզրակացությամբ մտներ խորհրդարան, մնար օրակարգում և պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը։ Դա կլիներ զսպաշապիկ Ադրբեջանի համար»,- նկատեց ԱԺ խոսնակը։

  • Կիսվել: