կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Ծննդյան հրաշալի խորհուրդը

«Հայաստանի Հանրապետություն»․ Ծննդյան հրաշալի խորհուրդը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության Քաշաթաղի երիտասարդ շրջանի կազմավորման սկզբից շրջկենտրոն Բերձորում սկսեց գործել շրջանային բուժմիավորումը՝ Արցախյան գոյամարտի նվիրյալ, ռազմաճակատային բժիշկ ու հասարակական գործիչ Արցախ Բունիաթյանի ղեկավարությամբ: Հիվանդանոցը տեղակայվեց հարմարեցված, ոչ հարմարավետ շենքում, բացակայում էին բուժսարքավորումները: 2011 թ. սկսվեց հիվանդանոցի նոր շենքի կառուցումը, որն ավարտվեց անցած տարվա վերջին: Նախկին շենքային պայմանների, բուժսարքավորումների պակասի, նաեւ մասնագետ-բժշկի բացակայության պատճառով վերջին տարիներին Բերձորում գործող հիվանդանոցում ծնունդ չէին ընդունում: Այժմ այլ է պատկերը՝ նոր շենքի հանձնումից մինչ օրս այստեղ արդեն 7 նորածնի ճիչ է լսվել: Փետրվարի 18-ին առանձնակի օր էր բուժմիավորման համար:

Նորաշեն հիվանդանոցի վիրահատարանում, որը կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ունի համապատասխան պայմաններ, կայացավ առաջին վիրահատությունը՝ կեսարյան հատում: Վիրահատությունից հետո զրուցեցի բժիշկների հետ: Քաշաթաղի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրենը ոգեւորված էր, ուրախ, վերջապես հնարավոր է աշխատել բարեկարգ բուժսարքավորումներով ապահով պայմաններում:

Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջապահության կենտրոնի գործադիր տնօրեն Վ. Օսիպովը, խոսելով վիրահատության մասին, ասաց՝ այն անցավ գերազանց, բարձր գնահատեց գինեկոլոգ Ա. Մաշուրյանի դերը, ով աշխատեց արհեստավարժորեն: Ոգեւորված էին նաեւ բուժքույրերը, ովքեր մեծ պատասխանատվությամբ աշխատեցին: Հուսանք՝ կհամալրվի բժշկական անձնակազմը, եւ քաշաթաղցին առողջական խնդիրների դեպքում կայցելի Բերձորի հիվանդանոց, որը Ստեփանակերտ տանող մայրուղու վրա է եւ հաճախ իր ծառայություններն է մատուցում նաեւ ճանապարհորդներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: