ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». 2020-ին կկոնսերվացվի Շուշիի բերդի երեք աշտարակը

«Հայաստանի Հանրապետություն». 2020-ին կկոնսերվացվի Շուշիի բերդի երեք աշտարակը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ, մշակութային միջոցառումների առատության և բազմազանության տեսակետից 2019 թվականն առանձնանում է նախորդներից, և «գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, մշակութային ինքնության վերարտադրությանը, ինչպես նաև մշակութային կրթության ապահովման, ստեղծագործական երիտասարդ, կարող ուժերի բացահայտմանը»:

Գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ զբոսաշրջության ոլորտում արձանագրված ձեռքբերումներին: 2019-ին Արցախ է այցելել շուրջ 42 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 46.7 տոկոսով: Ճանաչողական այցի շրջանակում Արցախում են գտնվել ավելի քան կես միլիոն հետևորդ ունեցող ամերիկացի հայտնի բլոգեր Դավիդ Հոֆֆմանը և չինացի տուրօպերատոր, բլոգեր Մեգի Ուոնգը, ովքեր բազմաթիվ հոդվածներ, տեսահոլովակներ և լուսանկարներ են հրապարակել` ընդգծելով Արցախի զբոսաշրջության գրավչությունը:
Նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ նաև հաճելի լուրեր է հաղորդել: Արցախի ազգային նվագարանների կոլեկտիվին շնորհվել է պետական համույթի կարգավիճակ և այս տարի այն ընդլայնված կազմով կիրականացնի իր գործունեությունը: Ամռանն ակնկալվում է կամավորականների միջազգային հավաքի անցկացումը Արցախում: 2020-ին կկոնսերվացվեն Շուշիի բերդի երեք աշտարակները, ինչպես նաև աշխատանքներ կտարվեն բերդաքաղաքի` վթարային վիճակում գտնվող պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ: Լ. Հովհաննիսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: