ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու կառավարում դրանք. Թաթոյան

Ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու կառավարում դրանք. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:

Հայկական օգտատերերի նշված էջէրից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: