ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում հումանիտար առաքելությամբ գտնվող ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հավաքական խմբի ավագ գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվին:

Համագործակցության շրջանակներում երկու գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ:
Վաղվանից հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք, որի նպատակն Արցախի բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է, ինչպես բնակավայրերում, այնպես էլ դաշտավայրային ու անտառային գոտիներում:

ԱՀ ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ վթարափրկարարական օպերատիվ խումբը ԱԻ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ կիրականացնի հերթապահ ծառայություն:
Հաջորդ խումբն ընդգրկված կլինի թիկունքային հումանիտար աշխատանքներում և հիմնականում կզբաղվի բեռնափոխադրումներով ու այլ մարդասիրական ծրագրերով:

Ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին՝ 2020 թվականի նոյեմբերից առ այսօր Արցախի գործընկեր կառույցին աջակցելու, համագործակցության ամրապնդման և համատեղ արդյունավետ աշխատանքի համար»:

  • Կիսվել: