կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հասարակական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ Ստեփանակերտում հանրահավաք են կազմակերպել

Հասարակական և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ Ստեփանակերտում հանրահավաք են կազմակերպել

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր ուժերի մի խումբ ներկայացուցիչներ հանրահավաք են կազմակերպել՝ Հանրապետության իշխանություններից պահանջելով բացատրություններ ներկայացնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հակառակ դեպքում՝ այն պաշտոնյաների հրաժարականը, որոնք ներկայացել են Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչներին և տեղեկացրել իրենց տներից հեռանալու անհրաժեշտության մասին։

«Արցախպրես»-ի  հաղորդմամբ՝  հանրահավաքի ընթացքում   «Արցախի փրկության խորհրդի» անդամ Աշոտ Սարգսյանը ներկայացրել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած հայորդիներին ուղղված բաց նամակը, որով նրանց կոչ են արել համախմբվել Արցախի շուրջ, քննարկել և լուծումներ գտնել երկրի ու արցախահայության առջև ծառացած մի շարք կարևորագույն խնդիրների համար։
 
Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը քննադատելով Հանրապետության իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությունը՝ մասնավորապես  Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերում ստեղծված իրավիճակի հետ կապված, հիմնական որոշումների համար  անմիջական պատասխանատվություն կրող  մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի պահանջի կոչ է հնչեցրել։
 
Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով՝ պայքարելու և իրենց պահանջների իրագործմանը հասնելու համար, այնուամենայնիվ, զգացվում է ժողովրդի ճնշող մեծամասնության համախմբման անհրաժեշտությունն ու մասնակցությունը հանրահավաքներին, որոնք, ըստ նրանց, կշարունակվեն նաև առաջիկայում։

  • Կիսվել: