ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հադրութցի բազմազավակ ընտանիքներին աջակցություն է տրմադրվել

Հադրութցի բազմազավակ ընտանիքներին աջակցություն է տրմադրվել

Արցախյան վերջին պատերազմից անցել է շուրջ մեկ տարի, եւ դեռ հազարավոր տեղահանված արցախցիներ են բնակվում ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում: Շատերն ունեն նյութական ու բարոյական աջակցության կարիք:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրերից Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեր հայրենակցուհի Արսինե Աղախանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Angels4Armenia («Հրեշտակներ Հայաստանի համար») հասարակական կազմակերպությունը, որն էլ սկսեց աջակցել մարտնչող Արցախին:

Այսօր էլ «Angels4Armenia»-ն արցախցիների կողքին է, աջակցել է տեղահանվածներին, վիրավոր զինվորականներին, նահատակների ընտանիքներին, կրթական ոլորտին, իրականացրել բարեգործական այլ ծրագրեր: Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 16-ին, «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ գրասենյակում կազմակերպությունը հադրութցի 10 բազմազավակ ընտանիքի նվիրեց տաք հագուստ:

Արցախի նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով ներկա էր նվիրատվությանը, նախ տեղեկություն տվեց  «Angels4Armenia»-ի մասին՝ նշելով, որ այս կառույցի անդամները հիմնականում սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն են՝ հաջողակ իրավաբաններ, բժիշկներ, փաստաբաններ եւ այլք, կազմակերպված իրենց աջակցությունն են ցուցաբերել հայրենիքին:

Հավելեց՝ այժմ էլ, յուրաքանչյուր ամիս գոնե մեկ բարեգործական ծրագիր, հատկապես կրթության ոլորտին վերաբերող, իրագործվում է Արցախում այս կազմակերպության կողմից: Վերջերս Բերդաշենի, Ստեփանակերտում գործող Շուշիի, Հադրութի եւ այլ դպրոցների կազմակերպությունը հատկացրել է համակարգիչներ, այլ անհրաժեշտ պարագաներ:

Այս անգամ  «Angels4Armenia»-ի անդամները որոշել են օգնել Հադրութի շրջանից տեղահանված եւ ՀՀ-ում բնակվող բազմազավակ կարիքավոր ընտանիքներին: Այսօր դժվարացել է սփյուռքի մեր հայրենակիցների այցն Արցախ, եւ դա է պատճառը, որ օժանդակությունը տրվել է ՀՀ-ում բնակվողներին: 10 ընտանիքի ցուցակը հատկացվել է «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ի կողմից:

Այս կազմակերպության ներկայացուցիչ Լիաննա Պետրոսյանը ողջունեց ներկաներին եւ ասաց, որ ընտանիքների ցանկը կազմել են Հադրութի շրջանի համայնքների ղեկավարների կողմից տրված ցուցակներով: Շահառուները շրջանի տարբեր բնակավայրերից էին՝ Հադրութ, Ազոխ, Մարիամաձոր, Տումի, Տող, Արեւշատ եւ այլն:

Ա. Սիմոնյանը նշեց նաեւ՝ ինքը դեմ է, որ որպես աջակցություն հատկացվում է սնունդ կամ հագուստ, սակայն քանի որ առջեւում Նոր տարին է, ուստի որոշել են նվերներ մատուցել 10 ընտանիքի: Նվերները շահառուներին հանձնեց «Angels4Armenia»-ի հայաստանյան գրասենյակի պատասխանատու թեհրանահայ Նարինե Ազալբաբը: Մինչ այդ հետաքրքրվեց՝ ինչու են նույն ընտանիքները դեռ բնակվում ՀՀ-ում, չեն վերադարձել Արցախ, ինչ պայմաններում են այժմ ապրում եւ այլն:

Պարզ է՝ այժմ Հադրութի ողջ շրջանը թշնամու վերահսկողության տակ է, եւ հնարավոր չէ այնտեղ վերադառնալ: Կան պայմաններ, որ Արցախի այլ բնակավայրերում բնակություն հաստատեն տեղահանվածները:

Որոշներն սպասում են՝ ճշտվի Արցախի կարգավիճակը, որոշներն արդեն աշխատանք ունեն ՀՀ-ում, ունեն ուսանող երեխաներ: Ներկա 10-ից միայն 3 ընտանիք է պատրաստ բնակվել Արցախի այլ շրջաններում: Արեւշատի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լիլա Զաքարյանը տեղեկացրեց, որ ամուսինը՝ Նորիկ Հայրապետյանը, ՆԶՊ ուսուցիչ է, ցանկանում են վերադառնալ Արցախ եւ աշխատել որեւէ դպրոցում: Նպատակն է՝ «Դասավանդիր Հայաստան» ծրագրով աշխատել: Անգլերենի ուսուցչուհի Գայանե Բաղդասարյանն ունի ուսանող երեխա եւ այժմ չի կարող վերադառնալ Արցախ:

Տող գյուղից Լուսինե Ավանեսյանը նշեց՝ արդեն որոշել են, որ Արցախ են վերադառնալու ընտանիքով. ամուսինն արդեն այնտեղ է՝ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում, եւ զբաղված է հարցի կարգավորմամբ: Ազատուհի Սիմոնյանը կարեւորեց Արցախ վերադառնալը, հույս հայտնելով, որ նոր՝ 2022 թվականին կիրականանան մեր երազանքները:

Բոլոր շահառուներն ստացան իրենց նվերները՝ հավատով, որ մի օր բոլորն էլ իրենց տներն են վերադառնալու, իսկ այժմ շատերը բնակվում են ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում եւ հիմնականում՝ վարձով: 

  • Կիսվել: