շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հացիում վերսկսվել են նոր ջրագծի կառուցման աշխատանքները. համայնքի ղեկավար

Հացիում վերսկսվել են նոր ջրագծի կառուցման աշխատանքները. համայնքի ղեկավար

Պատերազմից հետո Հացի գյուղի բոլոր բնակիչները վերադարձել են գյուղ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը:

Նրա խոսքով՝ բնակիչները սկսել են ապրել իրենց բնականոն կյանքով: «Պատերազմից հետո դպրոցը վերաբացվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից. այստեղ սովորում է 13 աշակերտ: Մանկապարտեզ չունենք:

Ունենք բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնք գտնվում են բարվոք վիճակում:Համայնքապետարանի շենը ևս գտնվում է նորմալ վիճակում: Գյուղը գազաֆիկացված է , ապահովված էլեկտրաէներգիայով:Ունենք ջրի խնդիր. ջուր ստանում ենք երկու օրը մեկ անգամ, այն էլ՝ կես ժամով: Մինչ պատերազմը համայնքում նոր ջրագծի կառուցման աշխատանքներ էին տարվում, պատերազմից հետո այդ աշխատանքները վերսկսվել են և ընթացքի մեջ են»,- տեղեկացրել է համայնքապետը:

Պատերազմի պատճառով գյուղը, բարեբախտաբար, վնասներ չի կրել: Պատերազմական գործողություններից հետո գյուղում երկու ընտանիք է վերաբնակեցվել: Եվս մոտ տասը ընտանիքի կարող են ընդունել։ Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Ս. Սարգսյանը նշել է, որ ամերիկահայ բարերար Արսեն Շիրվանյանը մարտ-ապրիլ ամիսներին գյուղի հիսուն ընտանիքի քսանհինգ հատ հավի ճտեր է հատկացրել:Բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է:

Ս. Սարգսյանը նշել է, որ գյուղի երիտասարդները միտում չունեն հեռանալու գյուղից, նրանք կշարունակեն ապրել ու արարել սեփական հողի վրա, շենացնել ու զարգացնել Հացին:

  • Կիսվել: