ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ խնդիրը` վառելիքի խնդիրն է, ինչն էլ կբերի ջրի խնդրի․ ԱՀ գյուղատնտեսության նախարար․ «Իրավունք»

Գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ խնդիրը` վառելիքի խնդիրն է, ինչն էլ կբերի ջրի խնդրի․ ԱՀ գյուղատնտեսության նախարար․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, որն ավելի ահագնացավ հունիսի 15-ից սկսած: Այսօր Արցախի շուրջ առկա է հավաքական ակտը՝ բլոկադան, որը պատերազմի մեթոդ է, կամ պատերազմի նախապատրաստման ակտ, ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում ոչ թե սպառնալիք, այլ վտանգ է ներկայացնում: Իսկ թե ի՞նչ գյուղատնտեսական խնդիրներ է իր հետ բերել լիակատար շրջափակումը` գյուղաշխատանքների եռուն փուլում, փորձել ենք հետաքրքրվել ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայիրյանից, ով նախ փաստեց.

— Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի վրա:

Այս պահին սկսվել է բերքահավաքի սեզոնը` կարտոֆիլի, տարբեր բանջարաբոստանային կուլտուրաների մասով: Հենց գյուղատնտեսական ապրանքների շնորհիվ է, որ մեզ հաջողվում է քիչ թե շատ մեղմել պարենային ճգնաժամը, այս պահին հաշվարկներ են իրականացվում, որպեսզի կարողանանք հավասարաչափ ըստ տարածքների բաշխել: Ճիշտ է, այս պահին բանջարեղենի քանակը լրիվությամբ չի բավարարում, բայց որոշակի քանակ ունենք: Հացահատիկային կուլտուրաների մասով եւս այս պահին խնդիրներ չունենք, բայց իրական պատկերը կարող ենք ասել միայն բերքահավաքի աշխատանքների ավարտին:

 

— Սահմանամերձ հատվածներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե՞ թշնամին թիրախավորում ու խոչընդոտում է նաեւ այդ աշխատանքներին:

— Սահմանամերձ շրջաններում անձրեւների պատճառով բերքահավաքը դեռ չի մեկնարկել: Հենց սկսենք, այդ ժամանակ հստակ կարող եմ պատասխանել Ձեր հարցին:

— Պարոն Հայրիյան, 44-օրյա պատերազմից հետո մեծաթիվ ջերմոցային տնտեսություններ էին ներդրվել, էներգետիկ խնդիրներով պայմանավորված, հաջողվում է ջերմոցները պահպանել:

— Ներկա դրությամբ ջերմոցային տնտեսությունների աշխատանքները կազմակերպվում են ինչպես հարկն է, քանի որ ջեռուցում այս պահին չի իրականացվում, օդի ջերմաստիճանը բավարարում է, իսկ օդափոխության համար էլեկտրաէներգիան բավականացնում է: Այս պահին ոռոգման ջրի հետ կապված՝ եւս որեւէ խնդիր չունենք: Ընդհանուր առմամբ, այս պահին գյուղատնտեսական սուր խնդիրներ չունենք, բայց ես չգիտեմ, թե ինչքան կտեւի բլոկադան, որովհետեւ, եթե այն երկար տեւի, ապա իր հետ կբերի լուրջ հետեւանքներ: Գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող թիվ մեկ խնդիրը` վառելիքի խնդիրն է, ինչն էլ իր հետ կբերի զուգահեռ նաեւ ջրի խնդրի:

— Եթե Արցախը ապաշրջափակվի, եղած խնդիրներն էլ լուծվե՞ն, Արցախը եղած ռեսուրսներով գյուղատնտեսական առումով կհասնի՞ ինքնաբավության:

— Այդ հարցին դժվար է պատասխանել, որովհետեւ մինչեւ բերքահավաքը չավարտվի, բերքը հավաքելուց հետո միայն կարող եմ հստակ պատասխանել Ձեր հարցին: Ներկայումս հանրապետությունում ընթանում են հացահատիկայինների, ջերմոցային տնտեսություններում բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաեւ որոշ պտղատեսակների բերքահավաքը:

Կառավարությունը հոգացել է հացահատիկայինների ցանքատարածքներում եւ այգիներում բերքահավաքի՝ հնարավորինս անվտանգ կազմակերպման մասին եւս:

Որոշում է կայացվել նաեւ աջակցել թթի արտադրանքի, մասնավորապես՝ բարձրորակ դոշաբի իրացման գործընթացին, նախապատվությունը տալով հատկապես տնային տնտեսություններում վերամշակված արտադրանքին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: