շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ցուցանիշն աճել է

Արցախում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ցուցանիշն աճել է

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրանքի իրական աճ է արձանագրվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում աճ չի եղել, բայց այս տարի գյուղատնտեսության թողարկված համախառն արտադրանքը կազմել է 29,5 միլիարդ դրամ, աճը կազմել է 118.8 տոկոս: Սա բավական ցածր է այն ցուցանիշներից, որոնք մենք ունեցել ենք նախապատերազմյան ժամանակաշրջանում: Մասնավորապես 2019 թվականի 9 ամսում մենք ունեցել ենք երկու անգամ ավելի բարձր ցուցանիշ, քան այս տարվա համախառն ներքին արտադրանքի ծավալն է»,-նշել է Մ. Մինասյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 33,6 տոկոսը բաժին է ընկել բուսաբուծության ճյուղին, 66,4 տոկոսը՝ անասնաբուծության: ԱՎԾ ղեկավարի խոսքով՝ ընդհանուր առմամբ նախորդ տարվա հոկտեմբրի 1-ի համեմատ նվազել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը, թռչունները, աճել՝ խոզերի գլխաքանակը:

«Իրականացնում ենք նաև արտադրված անասնաբուծական, բուսաբուծական մթերքների ծավալների հաշվառում: Արդյունքում արձանագրվել է, որ մսի և կաթի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են, իսկ ձվինը՝ նվազել»,-հավելել է Մ. Մինասյանը:

  • Կիսվել: