հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գիշիում վերականգնման աշխատանքներ են ընթանում. համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան ու խնդիրները

Գիշիում վերականգնման աշխատանքներ են ընթանում. համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան ու խնդիրները

ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքը 965 բնակիչ ունի. պատերազմից հետո ոչ ոք գյուղից չի հեռացել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գիշիի համայնքապետ Արմեն Ավագումյանը:

«Արցախյան 44-օրյա պատերազից հետո տեղահանված երեք ընտանիքի ենք ընդունել գյուղում՝ 14 հոգով, 2-ը Շուշիից, 1-ը՝ Հադրութից: Համայնքում գործում է համայնքապետարան, բուժկետ, որոնք վերանորոգման կարիք ունեն: Ունենք երկու հանդիսությունների սրահ: Դպրոցը նորակառույց է, որտեղ հաճախում է 150 աշակերտ:
 
Մեր և ուսուցիչների ջանքերով դպրոցում թանգարան է բացվել, որտեղ հետաքրքիր նմուշներ են ցուցադրված՝ բերված գյուղի հարակից Ղլեն-Խութ, Բըբըհաջ վայրերից՝ թրծած կճուճների, գծանախշերով սափորների, զանազան ուլունքների, խաղողի քարացած սերմերի և այլ իրերի տեսքով: 2016 թվականին «Արցախի գյուղերի գարգացման» հիմնադրամի կողմից վերանորոգվել է մանկապարտեզը։ Այսօր այն ունի 45 սան:
 
Պատերազմի ընթացքում շուրջ 30 տուն մասնակի վնասներ է կրել։ Դրանց մոտ 50%-ը վերականգնվել է: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, մյուս մասը պետք է սալապատել: Համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրէներգիայով, ջրամատակարարմամբ»,- ներկայացրել է համայքնապետը:
 
Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմում 7 համագյուղացի է զոհվել, 18֊ն էլ՝ վիրավորվել։
 
Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ շուրջ 185.974 հա վարելահող և 154.49 հա արոտավայր է մնացել թշնամու տիրապետության տակ, սակայն գյուղացիները չեն պատրաստվում ընկրկել. այստեղի բնակիչների հիմնական զբաղմունքներից են եղել խաղողագործությունը, դաշտավարությունը, և այսօր ևս դրանք շարունակում են մնալ Գիշիի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից։

  • Կիսվել: