հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Ղարաբաղյան շարժումը սկսվեց՝ կաթիլ առ կաթիլ համախմբելով հայ ժողովրդին. Բալասանյան

Ղարաբաղյան շարժումը սկսվեց՝ կաթիլ առ կաթիլ համախմբելով հայ ժողովրդին. Բալասանյան

Արցախի Հանրապետության Վերածննդի օրվա առթիվ ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է Արցախյան շարժման 32-րդ տարեդարձը:
1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը կայացրեց պատմական որոշում` դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին` նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով:
Հենց այդ օրը Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Ադրբեջանի կազմից:

Այս պատմական օրը չեմ կարող չհիշել, թե ինչպես սկսվեց Արցախյան շարժումը անձամբ ինձ համար:

1987 թվականի գարնան առաջին օրերն էին: Տարբեր տեղերից՝ ընդհատակից, ժամանակ առ ժամանակ լուրեր էինք ստանում՝ ինչ-որ շարժում սկսելու մասին: Անձամբ ինձ առաջին անգամ այդ մասին տեղեկացրեցին Հայաստանից Միքայել Դանիելյանը և Սուրեն Այվազյանը: Ապրիլին նրանք խմբով այցելեցին Ղարաբաղ:

Մի քանի օր մնացին մեր տանը: Մենք միասին այցելեցինք պատմական վայրեր` Ամարաս, Գանձասար: Նրանք ինձ համար բերել էին շարժմանը վերաբերող գրականություն: Արդեն իսկ մի քանի օրից ես սկսեցի իմ ընկերներին գաղտնի պատմել այն ամենի մասին, ինչը լսել էի իմ հյուրերից և ինչն ընթերցել էի այդ գրքերում:
Կարճ ժամանակ անց Ղարաբաղյան շարժման մասնակիցների կողմից գաղտնի սկսվեց ստորագրահավաք, և մենք նույնպես ակտիվ մասնակցություն ունեցանք այդ գործընթացին:
Ինձ համար դա ազգային-ազատագրական պայքարի զարթոնքն էր:

Հետադարձ հայացք գցելով 1988-ի այս օրերին՝ իմ մեջ մեծ հպարտություն է արթնանում այն բանի համար, որ ես մասնակիցն էի այդ պայքարի: Բոլորս այդ օրերին մի մասնիկ էինք պայքարի՝ թեկուզ և փոքր, բայց կարևոր մասնիկ: Ղարաբաղյան շարժումը սկսվեց՝ կաթիլ առ կաթիլ համախմբելով հայ ժողովրդին, հետզհետե առվակներից վերածվելով օվկիանոսի:
Մեծ հպարտություն է, որ մեզ պարտադրված պատերազմի ժամանակ ես ղեկավարեցի Ասկերանի շրջանի պաշտպանությունը, և մենք արձանագրեցինք կարևոր հաղթանակներ:

Եվ մեզ պարտադրված պատերազմի արդյունքում մենք ձեռք բերեցինք մեր հայկական հայրենիքի պատմաիրավական տարածքների միայն ու միայն մի մասը:

Արցախյան շարժումը ազգային զարթոնք էր, որը հայ ժողովրդի համախբվածության և միասնականության շնորհիվ՝ ազատագրեց մեր Արցախը, հնարավորություն տվեց լռեցնել կրակակետերը և այսօր կառուցել ազատ և ժողովրդավար Արցախի Հանրապետություն:

Շնորհավոր Արցախի վերածննդի օրը»:

  • Կիսվել: