երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում արդեն կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի

Գեղարքունիքի մարզում արդեն կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի

2023  թվականի սեպտեմբերի 28-ի  դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կեցության պայմաններ է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 336 ընտանիքի։ Նրանք արդեն տեղավորվել են  հյուրանոցներում, հյուրատներում, մասնավոր  բնակարաններում, հյուրընկալող ընտանիքներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանից, Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում շարունակվում են համակարգված ու շուրջօրյա աշխատանքները՝ տեղահանված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, ներուժը գույքագրելու, կեցության, սննդի, հագուստի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների ապահովման, բազմաթիվ այլ խնդիրներին լուծումներ տալու նպատակով։ Գործում են նաև Գեղարքունիքի մարզպետարանում և մարզի համայնքապետարաններում ստեղծված աշխատանքային հանձնախմբերը, որոնք, կամավորների ներգրավմամբ,  համագործակցում են համապատասխան կազմակերպությունների  և  տնտեսվարողների հետ։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կեցության վայրեր են ընտրել մարզի բոլոր համայնքներում։ Մեր առաջարկով ու նախաձեռնությամբ նրանցից շատերը կեցավայրեր ընտրել են այն բնակավայրերում, որտեղ ունեն բարեկամներ, հարազատներ կամ ծանոթներ։

Այս հանգամանքը, կարծում ենք, շատ նպաստավոր կլինի, որպեսզի  իրենց տներից բռնի տեղահանված ընտանիքները նոր բնակավայրերում հաստատվելու ու բնակվելու որոշում կայացնեն, ավելի հեշտ ու արագ ինտեգրվեն տվյալ համայնքի կյանքին։ Արդեն աշխատանքային խմբերի օգնությամբ գնահատվում են բռնի տեղահանված բնակիչների կարիքները, մարզի բուժհաստատություններում պետպատվերի շրջանակներում, կազմակերպվում է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժումը կամ բուժօգնությունը, կատարվում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հաշվառում՝ նրանց մարզի կրթական հաստատություններ ընդունելու նպատակով։

Անհրաժեշտության  դեպքում մատուցվում է նաև հոգեբանի ծառայություն։ Սահմանվել է շուրջօրյա հերթապահություն՝ ի հայտ եկած բոլոր խնդիրներին արագ արձագանքելու նպատակով։ Արվում է հնարավորը, որպեսզի հայրենազրկված մեր եղբայրներն ու քույրերը իրենց զգան հարազատ ու հոգատար մարդկանցով շրջապատված միջավայրում, հաղթահարեն թշնամու պատճառած  բռնության, տառապանքների սարսափները և աստիճանաբար վերադառնան բնականոն կյանքի»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։    

  • Կիսվել: