շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել են արցախահայությանը հուզող հարցերն ու ձգտումները

Գեղամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել են արցախահայությանը հուզող հարցերն ու ձգտումները

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած կոնգրեսական ճեպազրույցների ընթացքումհանդիպելով կոնգրեսականներ Ջեյմս Կոստայի և Բրեդ Շերմանի հետ՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները, ազգային շահերը և ժողովրդավարական ձգտումները։

Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Ճեպազրույցի ընթացքում Բրեդ Շերմանը հայտարարել է «Մենք այստեղ ենք պահանջելու Արցախի փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը իրենց տներ, տներ, որոնք շատ դեպքերում բնակեցված են եղել նրանց ընտանիքների կողմից հարյուրավոր տարիներ ի վեր։ Շերմանը, ընդգծել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառման կարևորությունը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության դադարեցումը, ինչպես նաև Արցախի էթնիկ զտումների համար Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Ալիևի սուր հռետորաբանությանը, թե Հայաստանի մայրաքաղաք Երևանը Ադրբեջանի տարածք է, կոնգրեսական Շերմանը հորդորել Բայդենի վարչակազմին պաշտպանական զինամթերք տրամադրել Հայաստանին՝ «խուսափելու Բաքվի կողմից ծրագրվող հաջորդ ողբերգությունից»։ Կոնգրեսականը եզրափակել է իր խոսքը՝ պատասխանելով Ալիևին, ով պնդում է, որ իր հիմնական թշնամիները աշխարհի հայերն են: «Դե, ես ձեզ համար նորություն ունեմ, պարոն Ալիև։ Ձեր գլխավոր թշնամիներն աշխարհի բոլոր մարդիկ են, ովքեր հավատում են ժողովրդավարությանը, ովքեր հավատում են մարդու իրավունքներին և հավատում են արդարությանը»։

 

Դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները՝ պատգամավոր Կոստան նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ավելին անի՝ Արցախի բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ։ Շարունակելով խոսքը՝ կոնգրեսականը նկատել է «Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը ոչ միայն էթնիկ զտումների, այլև մշակութային ցեղասպանության համար․․․։ Սպառնալիքները, որ հիմա Ադրբեջանը է հնչեցնում Հայաստանի հասցեին, կարծում եմ, լուրջ են և իրական։ Հետևաբար, պետք է դրանց վերաբերվել որպես այդպիսին»։  Նա նաև ԱՄՆ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Ադրբեջանի կողմից անօրինական պատանդ պահվող Արցախի ղեկավարների և հայ ռազմագերիների վերադարձը։

Ճեպազրույցի ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասը ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023թ սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի արդյունքում բռնի կերպով դատարկվեց Արցախը։ Բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023թ ցեղասպանության։

Արցախցի հյուրերը նաև կարևորել են ԱՄՆ-ի կողմից  Ադրբեջանին Արցախի ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկումը, ի թիվս ալնի կարևորելով՝

  • Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնվելով Սենատի S.3000 բանաձևի ընդունման վրա, որը պարտադրում է 907-րդ բանաձևի ամբողջական կիրարկում։ Մագնիտսկու պատժամիջոցների կիրառումը ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։
  • ԱՄՆ օժանդակությունն Արցախի բռնի տեղահանված հայությանը, բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի երաշխավորումը։
  • Ամերիկյան և միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023թ սեպտեմբերին գերեվարված Արցախի առաջնորդների և 2020թ ադրբեջանաթուրքական հարձակումներից հետո ապօրինաբար պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։
  • Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը և առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվությանը, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, որ Կապիտոլիումի բարձունքում ուղեկցում էր Գեղամ Ստեփանյանին ու Արտակ Բեգլարյանին, շարունակում է իր աշխատանքները՝ վերը նշված խնդիրների լուծման գործում ամերիկյան ներգրավվածության մեծացման ուղղությամբ։

  • Կիսվել: