շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը

Ֆրանսիայի Սենատն այսօր կքննարկի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևը

Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

«Դատապարտում ենք 2023-ի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, որը ստիպեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչությանը արտագաղթել։ Միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանը անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով»,- նշվում է Սենատի նախագծում։

Բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարների ձերբակալությունը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց։

Սենատը վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դուրս բերել իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից․ «Ողջունում ենք Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ ռազմական տեխնիկա մատակարարել Հայաստանին և աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն ուղղված է պաշտպանելու Հայաստանին»։

Ֆրանսիայի Սենատը կառավարությանը հորդորում է անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով ներգրավվի դիվանագիտական ​​ուղիներով բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։

Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև էր ընդունել նաև 2023-ի նոյեմբերին։

  • Կիսվել: