շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանկոֆոնիայի կենտրոնը Արցախի և Ֆրանսիայի մշա­կու­թա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նն ապահովող կամուրջ է. Տնօրենը՝ կառույցի գործունեության մասին

Ֆրանկոֆոնիայի կենտրոնը Արցախի և Ֆրանսիայի մշա­կու­թա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նն ապահովող կամուրջ է. Տնօրենը՝ կառույցի գործունեության մասին

Ստեփանակերտի գործող «Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի Կենտրոն» հիմնադրամն այսօր արցախցիների համար դարձել է ոչ միայն ժամանցի, միջոցառումների կազմակերպման վայր, այլև՝ բարեկամ երկու երկրների՝ Արցախի և Ֆրանսիայի մշա­կու­թա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նն ապահովող ամուր կապ։

Կենտրոնի շենքի բացման հանդիսավոր արարողությունը կայացել էր 2021 թվականի սեպտեմբերի 14-ին, որին ներկա էին «Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ»֊ի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժերար Գերգերյանը և այլք։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժերար Գերգերյանը նշել է, որ կենտրոնը բաղկացած է երեք մասից՝ ոչ կոմերցիոն մաս՝ կենտրոն, կոմերցիոն մաս՝ սրճարան և պարտեզ:

«Ոչ կոմերցիոն մասում՝ այսինքն կենտրոնում, գործում է IT դպրոց, որտեղ ոլորտի լավ մասնագետներ են պատրաստում։ Սենյակը զբաղեցնում է 150մ/ք մակերեսով տարածք, որը հագեցած է համակարգիչներով ու գույքով։ Երկրորդ հարկի տաղավարներից մեկում անց են կացվում ֆրանսերեն լեզվի դասընթացներ։ Վերջերս այստեղ բացվել է նաև «Sand Planet» ավազանկարչության կենտրոնը։ Կենտրոնում տեղակայված է նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, որի սաները հաճախակի են հանդես գալիս միջոցառումներով, ստեղծագործական աշխատանքների ցուցադրությամբ»,-ներկայացրել է Ժ. Գերգերյանը։

Նրա խոսքով՝ շաբաթական երկու անգամ կենտրոնում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում՝ դասախոսություններ, կոնֆերանսներ, հավաքույթներ։

««Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոն հիմնադրամի և Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել, Ստեփանակերտի և Արցախի շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև անց է կացվել ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված կանանց միամսյակին։ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել են տարաբնույթ ցուցահանդեսներ»,-նշել է նա։

Մեր զրուցակիցը կարևորում է Ֆրանսիա-Արցախ բարեկամական կապը։

«Կենտրոնի հիմնադրման նպատակը հայ-ֆրանսիական կապի ուժեղացումն է։ Պատերազմից հետո մարդիկ լիցքաթափման կարիք ունեն, և կենտրոնում գործող սրճարանը հնարավորություն է տալիս նրանց այցելելու այստեղ և մի բաժակ սուրճի շուրջ իրենց զրույցը կազմակերպելու՝ հագեցած օր ունենալով»,-ընդհանրացրել է Ժ. Գերգերյանը։

  • Կիսվել: