հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե պահպանենք անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումները, ընտրությունների ժամանակ վարակման հնարավորությունը կհաջողվի չեզոքացնել. համաճարակաբան

Եթե պահպանենք անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումները, ընտրությունների ժամանակ վարակման հնարավորությունը կհաջողվի չեզոքացնել. համաճարակաբան

Եթե հետևենք բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ կանոններին, ապա ընտրությունների ժամանակ կհաջողվի չեզոքացնել վարակման հնարավորությունը։ Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ ինչպես ընտրությունների առաջին, այնպես էլ երկրորդ փուլում Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոնը պատկան այլ մարմինների հետ համատեղ կիրականացնեն տեղամասերի եւ քաղաքացիների հնարավոր կուտակումների վայրերի լիակատար ախտահանում:

"Ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ հիմա բոլոր ընտրողներին բաժանվելու են դիմակներ, ձեռնոցներ, մեկանգամյա օգտագործման գրիչներ ։ Բոլոր ընտրատեղամասերի անդամների հետ համապատասխան լուսավորչական աշխատանքներ են իրականացվել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի չեզոքացվեն վարակի ռիսկերը", - բացատրեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ առաջին փուլի ընթացքում ի հայտ եկած բոլոր թերությունները սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման առումով երկրորդ փուլում կվերացվեն:

"Խոսքը, մասնավորապես, մարդկանց կուտակումների մասին է։ Այս անգամ ոստիկաններին տրվել են խիստ ցուցումներ ՝ պահպանել հերթն ու սոցիալական հեռավորությունը քաղաքացիների միջեւ, թույլ չտալ տեղամասերում ընտրողների կուտակումներ: Կարծում եմ, եթե բոլոր այդ միջոցառումները պահպանվեն, իսկ մենք դրա համար հնարավորություն և փորձ ունենք, ապա վարակի ռիսկերը կչեզոքացվեն", - նշեց մասնագետը։

Գրիգորյանը նաև նկատեց, որ չնայած հոռետեսական կանխատեսումներին, ընտրությունների առաջին փուլում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ դա նշանակում է, որ ձեռնարկված միջոցներն արդյունավետ են եղել:

 «Կորոնավիրուսով վարակվելու բոլոր 5 դեպքերը, որոնք գրանցվել են Արցախում, բերվել են Հայաստանից և ընտրական գործընթացների հետ կապ չունեն։ Իհարկե, դա մեզ շատ է մտահոգում։ Բայց վստահեցնում եմ, որ բոլոր գյուղերը, որտեղ հայտնաբերվել են վարակի օջախները, ամբողջությամբ ախտահանվել են և մեկուսացվել: Բայց ընտրությունները մեզ պետք են, մենք հաղթած ժողովուրդ ենք, մենք շատ բաներ ենք տեսել ու հաղթահարել։ Եվ հիմա էլ մենք պետք է համախմբվենք և հաղթահարենք այս դժվարությունը՝ հանուն Արցախի լուսավոր ապագայի»,- ամփոփել է Գրիգորյանը։

  • Կիսվել: