երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եթե ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքներ ստանանք նաև ՄԱԿ-ից, բացառում եմ, որ Ադրբեջանը կարողանա որևէ բան անել․ Ալեքսանյան

Եթե ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքներ ստանանք նաև ՄԱԿ-ից, բացառում եմ, որ Ադրբեջանը կարողանա որևէ բան անել․ Ալեքսանյան

ԱԺ-ում Արցախի կարգավիճակի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այն մասին էր, որ Արցախի բնակչության անվտանգության հարցում գործող երաշխիքները բավարար չեն, որովհետև գործող երաշխիքներով տեղի են ունենում միջադեպեր, ինչպիսին եղավ Ասկերանի Փառուխ գյուղում, երբ հակառակորդի զինուժն առաջ եկավ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում, պատասխանելով հարցին, թե ինչ երաշխիք կա, որ եթե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնենք, ապա դրանից մեկ ամիս հետո Ադրբեջանը պատրվակ չի գտնի առաջ գալու, ասաց ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ոչ մեկը չի ապահովագրել մեզ նոր փառուխներից, ու խոսքը հենց այդ երաշխիքները մեծացնելու, այդ երաշխիքների շուրջ միջազգային ավելի լայն կոնսոլիդացիա ապահովելու մասին էր։ Այսինքն՝ հիմա զուտ տեսական մակարդակի օրինակով եմ խոսում, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների երաշխավորությունը շատ ավելի լավ է ու շատ ավելի բարձր երաշխիք է, քան միայն մեկինը։ Էլ չեմ խոսում այլ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասին։ Եթե մենք ստանանք նաև ՄԱԿ-ի երաշխիքներ, ես, օրինակ, բացառում եմ, որ Ադրբեջանը կկարողանա ինչ-որ բան անել՛՛:։

Նա հավելեց, որ մենք խնդիր ունենք հարցը լուծելու այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայ ժողովուրդն ունենա հնարավորություն, իրավունք՝ անվտանգ ապրելու իր պատմական հայրենիքում։ ՛՛Ու բոլոր նրանք, ովքեր խոսում են այս օրակարգի դեմ, իրենց առաջարկած այլընտրանքը ես մինչև հիմա չեմ տեսել՛՛,–ասաց պատգամավորը։

Ալեքսանյանն անդրադարձավ նաեւ այն դիտարկմանը, որ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է Արցախի անկախության գաղափարից հրաժարվելու մեջ: Այս առնչությամբ նա ասաց. ՛՛Մենք առաջնահերթ ենք համարում Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխիքները, իրավունքներն ու ազատությունները՛՛։

Խոսելով այն մասին, թե ինչպես կարող է Արցախը, արցախցին անվտանգ ապրել Ադրբեջանի հետ, եւ ով պիտի նման երաշխիքներ տա՝ Ալեքսանյանն ասաց, որ նման երաշխիքներ կարող են տալ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրոպական միությունը, միջազգային մոնիտորինգային խմբերը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: