շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Եթե կլինի գոնե մեկ դեպք, ապա ես կհամարեմ, որ ընդհանրապես չի եղել վառելիք». Լևոն Մնացականյան

«Եթե կլինի գոնե մեկ դեպք, ապա ես կհամարեմ, որ ընդհանրապես չի եղել վառելիք». Լևոն Մնացականյան

«Չգիտես ինչո՞ւ` ապրիլի արդեն երկրորդ կեսերից սկսվել է որոշակի մանիպուլյացիա, հատկապես այն մասով, որ իբրև թե դիրքերում չեն եղել փամփուշտներ, զրահատեխնիկայում դիզվառելիքի փոխարեն եղել է ջուր և այլն… Թե իբր որոշ դիրքերում չի եղել սննդամթերք»,- Ապրիլյան պատերազմին նվիրված Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմի ընթացքում ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գրում է 168.am-ը։

Նա նշում է, որ նման էքստրեմալ վիճակը ենթադրում է մատակարարումների որոշակի խափանումներ, բայց չի կարելի ասել, որ չեն եղել:

 

«Սկսած ջոկի դիրքից` այսօր էլ այն պաշարները, որ նախատեսված են, տեղադրված են բոլոր դիրքերում: Բոլոր հրաձգային զենքերի համար զենքերի պաշարները եղել են: Իհարկե, մարտական գործողությունների ժամանակ ծախսվում է այդ զինամթերքը, իհարկե, զեկուցվում է` զինվորից սկսած մինչև զորամասի հրամանատար։ Իհարկե, արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ծախսված զինամթերքը վերականգնվի, և այդ վերականգնման համար, իհարկե, կան պատասխանատուներ: Արվել է, վերականգնվել է: Պարզապես եղել են որոշ ուղղություններ, որտեղ մենք գիտենք ինչ պատճառներով, դիվերսիոն խմբերի կողմից կանգնեցվել է, ու վարորդն ու զորամասի համապատասխան ծառայության պետը սպանվել են»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Լևոն Մնացականյանի նշած դեպքի մասին խոսեց նաև ՀՀ ՊՆ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Ինչ վերաբերում է այն հերյուրանքներին, թե տանկերի մեջ դիզվառելիքի փոխարեն ջուր է եղել, Լևոն Մնացականյանը հիշեցրեց, որ այն ժամանակվա բոլոր հրամանատարները զորացրված են, և նրանք ոչ մի հարցով կաշկանդված չեն իրականությունը ներկայացնելու:

«Ես առաջարկում եմ բոլորին տրամադրել իրենց տվյալները, խնդրեմ, ներկայացեք նրանց բնակավայրեր, հարց ուղղեք ու ստացեք պատասխաններ` արդյոք եղե՞լ է նման դեպք: Եթե կլինի գոնե մեկ դեպք, խնդրեմ, ներկայացրեք: Ես դա կհամարեմ, որ ընդհանրապես չի եղել վառելիք: Ես այդպես կորակեմ»,- ասաց ՊԲ նախկին հրամանատարը:

  • Կիսվել: