շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես չեմ ասում, որ Արցախում ընտրությունները եղել են կատարյալ, բայց ժողովրդի ձայնը չի կարող չլսվել․ Նիկոլ Փաշինյան

Ես չեմ ասում, որ Արցախում ընտրությունները եղել են կատարյալ, բայց ժողովրդի ձայնը չի կարող չլսվել․ Նիկոլ Փաշինյան

Արցախում տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որը կա Արցախում, այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատիրոջ դիտարկմանը, թե իզուր ՀՀ իշխանությունները չեն միջամտում Արցախում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին։

«Ոչ մեկ չի ասում, թե ընտրախախտում չի եղել, հարցն այն է, թե այդ ընտրախախտումները որքանով են ազդել ընտրությունների արդյունքների վրա», -ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով թեկնածուներից մեկին՝ Արայիկ Հարությունյանին ընտրություններում հաղթելու համար պակասել է մի քանի հարյուր ձայն, հետևաբար հարց է առաջանում՝ «եթե ընտրությունները կեղծվում են, ապա որևէ կեղծող մեքենա մի քանի հարյուր ձայնի առաջ կկանգնի՞»։

Ավելին, Փաշինյանի խոսքով, ընտրությունների արդյունքներով ընդդիմությունը զգալի թվով ձայներ է հավաքել խորհրդարանում տեղեր ունենալու համար։ «Հայաստանում նախկինում նման բան չէիք տեսնի։ Հո չե՞ն կեղծում, որ ընդդիմությունը երկրորդ, երրորդ տեղերը գրավեր։ Այնպես կկեղծեին, որ իշխանությանը լոյալ ուժերը գրավեին երկրորդ, երրորդ տեղերը։

Ես չեմ ասում, որ այս ընտրությունները եղել են կատարյալ, ոչ, դրանք չեն եղել կատարյալ, Ես կարծում եմ, որ այո, մենք շարունակելու ենք աջակցել Արցախին ժողովրդավարության զարգացման գործում։ Իսկ կներեք, ժողովրդի ձայնը չի կարող չլսվել», -հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: