շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երիտասարդ մայրերի մասնակցությամբ Ստեփանակերտում խաղաղ հավաք է կազմակերպվել (լուսանկարներ)

Երիտասարդ մայրերի մասնակցությամբ Ստեփանակերտում խաղաղ հավաք է կազմակերպվել (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 12-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի երիտասարդ մայրերի մասնակցությամբ և  ֆեյսբուքյան տիրույթում շրջափակման առաջ բերած խնդիրների քննարկման ու համատեղ հաղթահարման համար ստեղծված սոցիալական  խմբի նախաձեռնությամբ։

«Այսօր Արցախն ապրում է իր պատմության դժվարին շրջափուլերից մեկը։ Իսկ արցախցին, զրկված լինելով կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից, շարունակում էր ամուր կառչած մնալ հայրենի հողին։ Այդ ամենով պայմանավորված` որոշեցինք նախաձեռնել այսօրվա ակցիան` ևս մեկ անգամ բարձրաձայնելու մեր երեխաների ոտնահարված իրավունքների մասին։ Որպես խորհրդանիշ` ընտրել ենք մանկան ձեռքը, որն ուրույն խորհուրդ ունի»,-«Արցախպրես»-ի թղթակցին ներկայացրել է նախաձեռնության հեղինակ Անի Հայրապետյանը։
 
Հավաքի մասնակից, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի դպրոցի ուսուցչուհի Քրիստինե Դանիելյանն իր խոսքում անմնացորդ նվիրում է համարել Հայրենիքում ապրելու համար փորձությունները հաստատակամորեն հաղթահարելը։
 
Ավելի քան երկու ամիս է` փակ է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ` կյանքի ճանապարհը։ Իսկ արցախցի փոքրիկները զրկված են անգամ լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից։ Մեր բալիկներն իրենց տներում խաղաղ ապրել են ուզում, կրթվել ու ստեղծագործել են ուզում»,-նշեց մեր զրուցակիցը։
 
Ակցիայի ավարտին մայրերի հետ Վերածննդի հրապարակ եկած փոքրիկները գունավոր կավիճներով խորհրդանշական պատկերներ նկարեցին։

  • Կիսվել: