ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին

Երևանում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին

 Երևանի Բուսաբանական այգու տարածքում Արցախյան պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված պուրակի նախագիծը վերջնական պատրաստ կլինի մայիսին: 

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը:
 
«Ծրագիրը նախագծային փուլում է: Նախագծով նախատեսվում է հետևյալը: Բուսաբանական այգու բարձր հատվածում՝ բլրի վրա, լինելու է հուշակոթող: Հիմա մենք աշխատում ենք այդ վայրի՝ հուշահարթակի ու շրջակա տարածքի բարեկարգման ուղղությամբ: Նախատեսվում է վերակառուցել բուսաբանական այգում գտնվող հուշահարթակի տարածքը: Այնտեղ արդեն կան հատակագծային լուծումներ, սակայն վերջնական արդյունքում լինելու է այնպես, որ ծառուղիները, որոնք կապված են բլրին, ոլորապտույտներով բարձրանան գագաթ: Հուշահարթակի հետ կապված աշխատանքների ավարտից հետո կանցկացվի նախագծային մրցույթ արդեն բուն հուշակաթողի նախագծման համար: Մենք նախնական բոլոր աշխատանքները կանենք հարթակի հետ կապված, որ մնա հուշակոթողի մրցույթի իրականացումը»,-ասաց Սիրեկան Օհանյանը:
 
«Երևան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը տեղեկացրեց, որ կլինի խմելու, ոռոգման ջրի ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն: Ամբողջ այգու տարածքը պետք է ապահովվի ոռոգման համակարգով: Դրա համար աշխատանք է տարվում նոր ոռոգման ջրագծի կառուցման նախագծի ուղղությամբ: Այն կապահովի անհրաժեշտ ջրի մատակարարումը:
 
Նախատեսվում է նոր մուտք Ծարավ Աղբյուրի փողոցի կողմից: Կկառուցվի մոտ 200 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Մուտքի մոտ կլինի այցելուների սպասարկման տաղավար: Պուրակի այն հատվածում, որտեղ թեքությունը շատ չէ, կնախատեսվի հեծանվային ուղի: Ծառուղիները լուսավորվելու են գեղեցիկ լուսավորությամբ, կլինեն համապատասխան նստարաններ, աղբամաններ: Այսինքն՝ բոլոր հնարավոր ենթակառուցվածքները պուրակի հետ կապված կլինեն: Տեղում գոյություն ունի աստիճանաձև բուլվար, որը կվերականգնվի ծաղկային ձևավորումներով:
 
Պուրակի նախագծային ընդհանուր տարածքը 30 հա է: Թե որքան ծառ կտնկվի, Սիրեկան Օհանյանը դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով, այժմ հստակեցնում են այն հատվածները, որտեղ կարվեն սանիտարական էտումներ: Այնուհետև այգու տնօրինության կողմից կներկայացվեն ծառատեսակների առաջարկներ: Սիրեկան Օհանյանը նշեց, որ այգու կանաչապատ հատվածներն այնպես չէ, որ բավարար վիճակում են, հետևաբար կանաչապատումը, ծառերի տնկումը ամբողջական պետք է դիտարկել:
 
«Այս տարի ամբողջ ծրագրի նախագծային ժամկետը մայիսին կավարտվի: Տրամաբանական է, որ դրանից հետո մրցույթ կհայտարարվի շինարարության համար: Վերջնական արդյունքում ունենալու ենք ժամանակակից լուծումներով հուշապուրակ, ապրելու այգի, որի բովանդակությունը լինելու է հետևյալը՝ կյանքը շարունակվում է, ոչ ոք չի մոռացվում: Կյանքով լեցուն պուրակ ենք ունենալու»,-հավելեց Սիրեկան Օհանյանը:

  • Կիսվել: