հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դժվարություններն անհաղթահարելի են դառնում, բայց մենք շարունակում ենք հույս փայփայել. մանկապարտեզի տնօրեն

Դժվարություններն անհաղթահարելի են դառնում, բայց մենք շարունակում ենք հույս փայփայել. մանկապարտեզի տնօրեն

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս համայնքի պետական մանկապարտեզի աշխատակիցները, հաղթահարելով շրջափակման հետևանքով առաջացած դժվարին խնդիրները, շարունակում են իրենց հայրենանվեր աշխատանքը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Նախշուն Ստեփանյանն ասել է, որ առաջացած ճգնաժամը գնալով խորանում է:

Нет описания.

«Երեխաներին սննդով ապահովելու համար օգոստոսի 10-ին ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից անվճար հիմունքներով ստացել ենք ձավարեղեն, մակարոնեղեն, ձեթ, շաքարավազ: Տեւական ժամանակ մանկապարտեզը գործում էր առանց մատակարարի, որովհետեւ, իրավիճակով պայմանավորված, մեր հիմնական մատակարարը հրաժարվել է շարունակել համագործակցությունը: Երկար փնտրտուքից հետո նոր մատակարար ենք գտել` շրջանի Գիշի համայնից, ով տրամադրում է բանջարեղեն, միրգ, միս, ձու: Հացն էլ ձեռք ենք բերում գյուղում գործող հացի փռից: Քանի որ տրանսպորտի խնդիր կա, ինքս ամեն օր այն փռից հասցնում եմ մանկապարտեզ, որպեսզի մեր սաները հանկարծ սոված չմնան»,-ներկայացրել է Ն. Ստեփանյանը:

Нет описания.

Տնօրենի խոսքով՝ համայնքի բնակիչներն էլ են օգնել. բանջարեղեն են տրամադրել, ինչը որոշ ժամանակ այդքան զգացնել չի տվել սննդի պակասը: «Այս ընթացքում ծնողներից ոմանք իրենց միջոցներով թխվածքաբլիթներ են պատրաստել երեխաների համար, ինչը ոգևորող է այս ծանր պայմաններում: Կաթնամթերք վաղուց չենք ընդգրկում ճաշացանկում: Գյուղի անասնապահներից ձեռք բերելու հնարավորություն ունենք, սակայն դրա համար համապատասխան թույլտվություն է անհրաժեշտ, դա էլ, վառելիքի խնդրով պայմանավորված, այս պահին հնարավոր չէ»,-իրազեկել է մեր զրուցակիցը:

Երեխաների ժամանցը կազմակերպվում է մանկապարտեզի շենքին կից խաղահրապարակում, որտեղ համապատասխան խաղասարքեր չկան: Հույս են փայփայում, որ մի օր կյանքի ճանապարհը կբացվի, ու խաղահրապարակը կհամալրվի նոր խաղասարքերով:

Нет описания.

Ն. Ստեփանյանը երեխաների խնամքը կազմակերպելու գործում առանցքային է համարում հիգիենայի պարագաներ չունենալու խնդիրը: «Մանկապարտեզը սպասք լվանալու միջոցներ չունի. ստիպված այլընտրանքային տարբերակներ ենք օգտագործում, որպեսզի վարակներ չլինեն: Ծնողները տներում ունեցած անձեռոցիկից բաժին են հանել մանկապարտեզին: Շենքը տաք ջրով ապահովված չէ: Բայց մենք, փորձելով հաղթահարել բոլոր դժվարությունները, շարունակում ենք հավատարիմ մնալ մեր որդեգրած սկզբունքին՝ կրթել ու դաստիարակել Արցախին պիտանի սերունդ »,-ընդհանրացրել է մանկապարտեզի տնօրենը:

  • Կիսվել: