հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դժվար ճանապարհ ենք անցնելու, բայց  հաղթահարելու ենք. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Կարմիր շուկայի բնակիչների հետ

Դժվար ճանապարհ ենք անցնելու, բայց հաղթահարելու ենք. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Կարմիր շուկայի բնակիչների հետ

Հանրային գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Մարտունու շրջանի սահմանամերձ Կարմիր շուկա համայնքի բնակիչների հետ: Այս մասին Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է  «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ կյանքում շատ նոր գործեր սկսելուց լսել եմ՝ չի ստացվի, անհնարին է, բայց հակառակն եմ ապացուցել: Դժվար ճանապարհ ենք անցնելու, բայց այս անգամ էլ վստահ եմ, որ հաղթահարելու ենք այս վիճակը:

Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս փուլում ամենակարևորը անտարբերությունը հաղթահարելն է: Մենք պետք է վերականգնենք մեր հավատը ապագայի հանդեպ, իսկ դա հնարավոր է միայն համախմբելով մեր՝ բոլորիս ուժն ու կամքը:

Մարդկանց ամենաշատը ցավեցնում է անարդարությունը, ամենաշատը հուսահատեցնում՝ անորոշությունը:

Այո, 240 ընտանիք ունեցող գյուղն այսօր թշնամու նշանառության տակ է, բայց այստեղ բնակչությունը երիտասարդ է, 870 բնակչից 292-ը երեխաներ են: Այս գյուղն ունի 10 բազմազավակ ընտանիք, իսկ դա նշանակում է, որ մենք այստեղ ունենք շատ անելիքներ և չունենք թուլանալու իրավունք:

Թշնամին պետք է տեսնի, որ մեր կյանքն այստեղ է շարունակվում, մենք ոչ մի տեղ չենք գնալու և ամեն ինչ անելու ենք, որ մեր երեխաները շարունակեն ապրել այս հողի վրա»,-գրառման մեջ նշել է նա:

  • Կիսվել: