ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիմորդների քանի՞ տոկոսն է բուհ ընդունվել. ԱՀ փոխնախարարն անդրադարձել է արդյունքներին

Դիմորդների քանի՞ տոկոսն է բուհ ընդունվել. ԱՀ փոխնախարարն անդրադարձել է արդյունքներին

Ընթացիկ տարվա միասնական քննություններին մասնակցության հայտ ներկայացրած 667 շրջանավարտների 77% -ն ընդունվել է բուհ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը:
 
«2021-2022 ուսումնական տարվա դիմորդների թիվը կազմում է 667: ԱրՊՀ ընդունվել է 280 դիմորդ. 96 դիմորդ կսովորի  անվճար ուսուցման համակարգում, որից 7-ը՝ զոհվածների երեխաներ՝ պահուսատային տեղերի հաշվին, Շուշիի տեխնոլոգիական համալսարան ընդունվել է 18 դիմորդ, որից 11-ը՝ անվճար, 7-ը՝ վճարովի, Մեսրոպ Մաշտոց համալսարան՝ 15 դիմորդ, Գրիգոր Նարեկացի համալսարան՝ 48, Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտ՝ 12:
 
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների թիվը 122 է, որից 60-ը՝ նպատակային տեղերում ընդունվել են անվճար, իսկ վճարովի համակարգում կսովորի 32 հոգի»,- նշել է Հ. Մինասյանը:
 
Մեր զրուցակցի  համոզմամբ՝  ընդունելության քննությունները կազմակերպվել են թափանցիկ և արդար ձևով, ինչն էլ ամբողջությամբ արտացոլում է դիմորդների գիտելիքները:
 
Խոսելով վարձավճարների փոխհատուցման մասին՝ Հ. Մինասյանը տեղեկացրել է, որ այս տարի ԱՀ նախագահի հանձնարարականով և պետնախարարի վերահսկողությամբ կստեղծվի հանձնաժողով, որը կաշխատի բարձրագույն կրթության բարելավման ուղղությամբ:
 
«Այս տարի ևս կգործի բակալավրի առկա ուսուցման համակարգի վարձավճարների փոխհատուցման գործընթացը, իսկ մագիստրատուրայի կրթական ծրագրում այն չի գործելու, քանի որ ուսման տևողությունը կարճ է և համարվում է երկրորդ մասնագիտություն»,- հավելել է Հ. Մինասյանը:
 
Համեմատելով այս տարվա և անցած տարվա ցուցանիշները՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը արդյունքները համարում է գոհացուցիչ:
 
«Անցած տարի դիմորդների ընդհանուր թվի 64%-ն է  ընդունվել Արցախի բուհեր, իսկ այս տարի` 77%: Հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված հոգեբանական ծանր իրավիճակը՝ արդյունքները, այնուամենայնիվ, կարելի է գնահատել գոհացուցիչ»,- ընդգծել է նա:
 
Հ. Մինասյանը շնորհավորել է բուհեր ընդունված բոլոր երիտասարդներին և նրանց մաղթել բարի ընթացք:

  • Կիսվել: