կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դեպրեսիվ վիճակում էի, որովհետև դա իմ կյանքի երրորդ պատերազմն էր. ԿԽՄԽ-ն պատմում է ԼՂ-ից ՀՀ բռնի տեղափոխված Սրբուհու մասին (Տեսանյութ)

Դեպրեսիվ վիճակում էի, որովհետև դա իմ կյանքի երրորդ պատերազմն էր. ԿԽՄԽ-ն պատմում է ԼՂ-ից ՀՀ բռնի տեղափոխված Սրբուհու մասին (Տեսանյութ)

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն X-ի իր էջում ներկայացրել է սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ղարաբաղից Հայաստան տեղափոխված Սրբուհի Վանյանի ընտանիքի և նրա հիմնած փոքրիկ բիզնեսի մասին պատմող տեսանյութ։

«Այժմ նա փորձում է հարմարվել նոր իրականությանն ու շարունակել դեռ Ղարաբաղում հիմնած իր փոքր բիզնեսը»,-գրում է ԿԽՄԿ-ն։

Տեսանյութում Սրբուհին պատմում է Արցախում ապրած կյանքի, գործունեության, սիրելի զբաղմունքի ու հետագայի պլանների մասին, որոնք կիսատ մնացին։

«Սկսվեց պատերազմը, եկանք այստեղ, պատերազմից հետո որոշեցի՝ թողնում եմ լրագրությունը, դեպրեսիվ վիճակ էր լրիվ, շատ ծանր՝ և՛ սոցիալական, և՛ հոգեբանական, որովհետև դա իմ կյանքի երրորդ պատերազմն էր»,-պատմում է նա։

Սրբուհին նշում է, որ դեռ Արցախում ինքը նկարում էր, որպես հոբբի։ «Առաջին անգամ վրձին վերցրեցի 43 տարեկանում և միանգամից սիրեցի գեղանկարչությունը, սիրեցի նկարել»,-ասում է նա և նշում, որ Հայաստանում հենց այդ հոբբին էլ բիզնես դարձավ։

«Մասնակցեցի դրամշնորհային ծրագրերի, հասկացանք, որ իմ նկարներով ավելի կիրառելի կլինեն, եթե շատերը տեսնեն՝ կրեն, նկարներով հեղինակային տեքստիլ տպագրություն հիմնեցինք։ Իմ հոբբին փոքրիկ բիզնես դարձավ։ Չէինք պատերացնում, որ այս ձևով պետք է լիներ մեր արտաքին աշխարհ դուրս գալը»,-ասում է նա։

  • Կիսվել: