շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան

Դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ ՀՀ-ն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը: Ադրբեջանի կողմից սույն թվականի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որը վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին: Դատարանը երեկ հրապարակեց իր որոշումները, բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը: Այս մասին այսօր տեղի ունեցած կառավարության նիստիում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ՝ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջոնցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:  

«Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբանները անդրադարձել են, բայց ես կուզեմ անդրադառնալ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը:

Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ դա ուրիշ հարց է, բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի գործելակերպը և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:

 

  • Կիսվել: