երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Դադիվանքի նախկին քահանան Մարտակերտում վերականգնում է Հակոբավանքը

Դադիվանքի նախկին քահանան Մարտակերտում վերականգնում է Հակոբավանքը

Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը սկսել է զբաղվել Արցախի Մարտակերտի շրջանի Սուրբ Հակոբավանք եկեղեցու վերականգնման աշխատանքներով։

Այսօր վանքն անմխիթար ու կիսավեր վիճակում է, լուրջ վերականգնման կարիք ունի։
 
Հայր Հովհաննեսը, որը Դադիվանքի վանահայր է եղել մի քանի տարի, այս ողջ ընթացքում զբաղվում էր դրա վերականգնմամբ։ Պատերազմից հետո նրան նշանակեցին Մարտակերտի եկեղեցու վանահայր, որտեղ նա հոգևոր ծառայությանը զուգահեռ զբաղվում էր վերանորոգման աշխատանքներով, գրում է  Sputnik Արմենիան լրատվական կայքը:
 
Մայիսի 7-ին նրան ուղարկեցին Հակոբավանք, չգործող վանք, որը հարուստ պատմություն և վերականգնման կարիք ունի։
«Սուրբ Հակոբավանք, կամ Մեծառանց վանք։ 7-րդ դարի կառույց է։ Մեծառանց է կոչվում, որովհետև այստեղ երեք կաթողիկոսների գերեզման է գտնվում, նրանք սուրբ են համարվում` Սուրբ Արիստակես, Սուրբ Սիմեոն և Սուրբ Հովհաննես։ Դրա համար էլ կոչվում է Մեծառանց` մեծերի տարածք։ Եվ Հակոբավանք է կոչվում, որովհետև ժամանակին Սուրբ Մծբնա Հակոբ հայրապետի աջը պահվել է այստեղ», – ասաց հայր Հովհաննեսը։
Ժամանակին այստեղ գտնվել է նաև եպիսկոպոսի նստավայրը։ Միջին դարերում վանքը ակտիվ ուխտագնացության վայր և ձեռագրատուն է եղել (այստեղ են գրվել մի քանի ձեռագիր ավետարաններ)։
 
Երբ նստավայրը Գանձասար է տեղափոխվել, վանքն աստիճանաբար անկում է ապրել։ Ի վերջո այն մասամբ ավերվել է (խորհրդային տարիներին այստեղ փորել են` գանձեր գտնելու հույսով)։
 
Վանքը երկու եկեղեցուց է բաղկացած։ Դրա տարածքում եղել է մատենադարան, անդունդի վրա կախված պատշգամբներով վանական խցեր, ջրամբարներ, թոնիրներ, բնակելի և տնտեսական շինություններ։
 
Եկեղեցու վերանորոգման ժամանակ տարբեր տարիներին խաչքարեր էին տեղադրում պատերի մեջ, տապանաքարար (ամբողջությամբ), ինչը, եկեղեցականի խոսքով, դարձավ դրանց պահպանման ու մեզ հասնելու գրավականը։
 
Հայր Հովհաննեսը նշեց, որ վանքի վերականգնման մեծ ծրագիր է պատրաստ։ Աշխատանքների ժամկետներն ու ծավալները հովանավորներից են կախված։ Որոշ մարդիկ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել օգնելու, սակայն այդ օգնությունը բոլոր աշխատանքների համար չի բավականացնի։
 
Բացի բուն վանքի վերականգնումից, նախատեսվում է Քոլատակ գյուղից նոր ճանապարհ կառուցել (1,5-1,8 կմ), հոսանք և ջուր քաշել։
 
«Կսկսենք մի մասից, կվերանորոգենք առաջին փոքր եկեղեցին։ Առաջին հերթին կծածկենք տանիքը, կմաքրենք, քարերը կշարենք, կծածկենք, որ ծածկի տակ լինի, որ անձրևաջրերը չթափվեն ներս ու ներսի աշխատանքները անենք։ Գործող դարձնենք, որպեսզի ժողովուրդը իմանա, հասկանա, գա», – ասաց Հովհաննեսը։
 

  • Կիսվել: