երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չնայած խնդիրներին՝ Մյուրիշենը սիրով է ընդունում տեղահանված ընտանիքներին. համայնքապետ

Չնայած խնդիրներին՝ Մյուրիշենը սիրով է ընդունում տեղահանված ընտանիքներին. համայնքապետ

ԱՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն համայնքն ունի 162 բնակիչ. պատերազմից հետո գյուղից հեռացող չի եղել։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մյուրիշենի համայնքապետ Բորիկ Մեժլումյանը:

«Համայնքում վերաբնակեցվել է 6 ընտանիք Վազգենաշենից: Բոլորին սիրով ենք ընդունել։ Ունենք մի քանի տուն, որոնք ևս կարող ենք տրամադրել տեղահանված այլ ընտանիքների,սակայն դրանք դեռևս վերանորոգված չեն։ Դպրոցն ունի 17 աշակերտ։ Վերաբացվել է անցած տարվա դեկտեմբեր ամսից. շենքը վթարային է: Մանկապարտեզ չունենք. գյուղում մանկապարտեզի ենթակա երեխա չկա: Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, ակումբ, հանդիսությունների սրահ, որոնց շենքերը ևս վթարային վիճակում են: Գյուղում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին: Գյուղամիջյան ճանապարհը գտնվում է բարվոք վիճակում: Ամառային շրջանում ունենք ջրի խնդիր. 6-րդ օրն է՝ ջուր չունենք, եղածի դեպքում էլ օրական կես ժամով ենք ջուր ստանում։ Գյուղը ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ »,- նշեց Բ. Մեժլումյանը։

Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում գյուղը տվել է 1 զոհ. 4 համագյուղացիներ էլ վիրավորվել են:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ բնակչության մեծ մասը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ ու հողագործությամբ:

  • Կիսվել: