երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չնայած առկա դժվարություններին՝ Հադրութի Արվեստի դպրոցի սաները շարունակում են հաջողություններ գրանցել

Չնայած առկա դժվարություններին՝ Հադրութի Արվեստի դպրոցի սաները շարունակում են հաջողություններ գրանցել

Հադրութի Արվեստի դպրոցը, որը 44-օրյա պատերազմից հետո վերաբացվել և իր գործունեությունը շարունակում է Ստեփանակերտում այս ուսումնական տարում իր հարկի տակ է համախմբել 124 աշակերտի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի Արվեստի դպրոցի տնօրեն Տաթևիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նկուղային հարկում տեղակայված մշակութային կրթօջախի շենքային պայմանները թույլ չեն տալիս մեծ թվով աշակերտների ընդունել՝ չնայած դիմողները շատ են: 

«Պատերազմից անմիջապես հետո որոշել ենք մեր գործունեությունը  վերսկսել Արցախում:  Մեզ  ժամանակավոր շենքային պայմաններով և կեցության ապահովման հարցերում աջակցություն ցուցաբերեց Արցախի Հանրապետության  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ի դեմս նախարար  Լուսինե Ղարախանյանի:  

Այդուհանդերձ, արդեն երեք տարի է  շարունակում ենք գործել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նկուղային հարկում, և շենքային պայմանների խնդիրը մնում է չլուծված: Չնայած այդ դժվարություններին՝ շարունակում ենք պահպանել Հադրութի մշակույթն ու շունչը»,-ասել է Տ. Մկրտչյանը: 

Նրա տեղեկատվությամբ՝ Հադրութի Արվեստի  դպրոցում գործում են դաշնամուրի, երգեցողության, քանոնի, քամանչաի, թառի, դհոլի, շվիի, դուդուկի, պարարվեստի, թատերարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ կիրառականի, հագուստի մոդելավորում և դիզայնի դասարաններ: Կրթօջախում դասավանդում են ինչպես հադրութցի, այնպես էլ՝ մայրաքաղաքից ու Արցախի մյուս շրջաններից մասնագետներ: 

«Անցած ուսումնական տարում դպրոցը շատ  հաջողություններ է ունեցել: Էջմիածնում կայացած «Փոքրիկ քայլ» երաժշտական մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել  մեր սանը՝ վոկալիստ Գոռ Աբրահամյանը, իսկ Քրիստինե Աբրահամյանը զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Արվեստի դպրոցի սաներից  դհոլահար Տիգրան Աբրահամյանն էլ Լիբանանում մասնակցել է մեր հայրենակիցների համար կազմակերպված համերգներին, որի համար այնտեղից շնորհակալական նամակ են ուղարկել: Նաև այդ հաջողությունները տեսնելով,  ծնողները շահագրգռված էին՝ իրենց երեխաներին բերելու մեր կրթօջախ»,-ներկայացրել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պարապմունքներն անց են կացվում նաև շաբաթ և կիրակի օրերին:

  • Կիսվել: