ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Չի բացառվում, որ հակառակորդի նպատակն է Խուդաֆերինի կամրջի ջրամբարը թիրախ դարձնել ու վնասել՝ էկոլոգիական աղետ առաջացնել․ Բաբայան

Չի բացառվում, որ հակառակորդի նպատակն է Խուդաֆերինի կամրջի ջրամբարը թիրախ դարձնել ու վնասել՝ էկոլոգիական աղետ առաջացնել․ Բաբայան

Մեր սրտերը մեր կորուստներից լի են արյունով, բայց ոգին անկոտրում է։ Համառ մարտերը շարունակվում են ճակատի գրեթե ողջ երկայնքով։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: 

«Վերջին օրերին մենք տեսնում ենք այս պատերազմի շատ վտանգավոր զարգացումներ միջազգայնացման կապակցությամբ։ Կուզենայի կանգ առնել երկու հանգամանքի վրա։ Առաջինը՝ տեսանք, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են Ռուսաստանի Դաշնության տարածք և հասել են մինչև Չեչնիա՝ մի սուբյեկտ ՌԴ-ի, որը որևէ սահման չունի Ադրբեջանի հետ և պատերազմական գոտու հետ»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը վերջին օրերին շատ վտանգավոր քայլեր է  ձեռնարկում, և նրանց կարևր թիրախներից մեկը Արաքս գետի վրա Խուդաֆերինի կամրջի մոտակայքում կառուցված ջրամբարն է։

Բաբայանը շեշտեց, որ պետք է հաշվի առնենք Իրանում էկոլոգիական իրավիճակը, և հյուսիսային շրջաններում այն իսկապես տագնապալի է, իսկ այդ դեպքում տվյալ ջրամբարը ինչ-որ տեղ Իրանի հյուսիսային շրջանների համար փրկության աղբյուր է։

Բաբայանի կարծիքով՝ չի բացառվում, որ հակառակորդի նպատակն է ջրամբարը թիրախ դարձնել ու վնասել՝ էկոլոգիական աղետ առաջացնել։ Արցախի նախագահի խորհրդականը հայտնեց, որ մեր զինված ուժերը թույլ չեն տալիս որ հակառակորդը հասնի այդ նպատակին։

  • Կիսվել: