կիրակի, փետրվար 5
5 / 2 / 2023
«Չեք կարող ջնջել մեզ». Շերն ու Էրիկ Էսրաիլյանն Արցախի արգելափակման մասին հոդված են հրապարակել

«Չեք կարող ջնջել մեզ». Շերն ու Էրիկ Էսրաիլյանն Արցախի արգելափակման մասին հոդված են հրապարակել

Աշխարհահռչակ երգչուհի Շերը և անվանի ամերիկահայ բժիշկ, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, բարերար Էրիկ Էսրաիլյանը «Չեք կարող ջնջել մեզ» խորագրով հոդված են հրապարկել ամերիկյան «Newsweek» պարբերականում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով մարդասիրական ճգնաժամի վրա, որը հասունացել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։

«Որպես ամերիկահայեր՝ մենք ցանկանում ենք մեր հույսերը կապել նոր տարվա հետ, սակայն Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների համար շարունակվող ճգնաժամը դժվարացնում է դա։ Նրանք ապրում են դաժան ժամանակաշրջան, որը ներկայումս սպառնում է ավելի քան 120 000 տղամարդկանց, կանանց եւ երեխաների կյանքին եւ հուսահատ աշխարհի ուշադրության կարիքն ունեն՝ այժմ գործելու եւ կյանքեր փրկելու համար:

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բարբարոսական շրջափակումն ընդհատել է պարենի մատակարարումը։ Էթնիկ զտումների եւ մշակութային բնաջնջման լկտի փորձերի այս արշավը բարբարոսություն է։

2020 թվականին Ադրբեջանը հարձակվել է Արցախում բնակվող հայերի վրա՝ Թուրքիայի եւ օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, եւ այժմ վերահսկում է տարածքի զգալի մասը։ Ռազմագերիները դաժան վերաբերմունքի են արժանացել կամ սպանելվել են։ Կրոնական օբյեկտները պղծվում եւ սիստեմատիկորեն ոչնչացվում են, իսկ Ադրբեջանի կլեպտոկրատ ղեկավարությունը խրախուսում եւ ուրախությամբ նշում է այդ խախտումները։ Հայերի նկատմամբ ինդոկտրինացիան եւ ատելությունը քարոզվում է պետության կողմից հովանավորվող լուրերով եւ սոցիալական ցանցերով, ադրբեջանցի երեխաներին դա պաշտոնապես սովորեցնում են դպրոցներում: Վերջերս Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի սահմաններ... Ադրբեջանական ներկայիս ղեկավարությունը առաջ կգնա այնքան, որքան կարող է` Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը` առեւտրային ուղիների եւ միջանցքների անվան տակ:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա եւ ռուսական նավթի ու գազի գնումը սահմանափակելու աշխարհի բազմաթիվ փորձերն ավելի են քաջալերել Ադրբեջանին: Սակայն Ռուսաստանը զգալի ֆինանսական շահեր ունի Ադրբեջանի նավթագազային հաջողություններում։ Եթե երկրներն իսկապես ցանկանային պատժել բռնակալներին, նրանք կկիրառեին հետեւողական չափանիշներ եւ չէին փորձի երկերեսանի փոխզիջումների գնալ՝ հօգուտ չարյացծս փոքրագույնի: Ուկրաինա ներխուժումից ընդամենը մի քանի ժամ առաջ Ադրբեջանի նախագահը Մոսկվայում էր։ Մի՞թե ինչ-որ մեկը կարծում է, որ խոսակցություն չի եղել այն մասին, թե ինչպես կարելի է կիսել Եվրոպայի էներգետիկ կախվածության ակնկալվող տեղաշարժը Ադրբեջանի նկատմամբ։

Ադրբեջանն ունի մեր ժամանակի մարդու իրավունքների եւ ազատությունների վատթարագույն ցուցանիշներից մեկը, սակայն, բացի ակադեմիական եւ իրավապաշտպան շրջանակների ճիչերից, վարքագծի այդ մոդելը միտումնավոր խլացվում է միլիոնավոր դոլարներով, որոնք ծախսվում են զբոսաշրջային գովազդի, լոբբինգի, սպորտային միջոցառումների հովանավորության եւ այլ խարդախությունների վրա։ Արցախն ու Հայաստանը՝ տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել հարմարության կամ ուրիշի քաղաքական նպատակահարմարության համար»,-նշել են Շերն ու Էսրաիլյանը։

Այնուհետև նրանք անդրադարձել են հարցին, թե ինչ կարող են անել. «

Ի՞նչ կարող ենք մենք անել։ Որպես տարբեր ոլորտներում ազդեցության որոշակի մակարդակ ունեցող ամերիկահայեր, մենք պետք է համագործակցենք կառավարության առաջնորդների հետ՝ օգտագործելով մեր քաղաքական կապիտալը, շարունակենք պատմել մեր պատմությունները ամենաբարձր մակարդակով, ռեսուրսներն ուղղենք հայերին պաշտպանելու համար միջազգային իրավական հանրության միջոցով, օգնենք Հայաստանին զարգացնել իր սեփական ուժը տարբեր ոլորտներում՝ ռազմավարական ներդրումների եւ մեր հավատքի, պատմության ու մշակույթի պահպանման համար աշխատելու միջոցով: Նախկին Օսմանյան կայսրության հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների համար ցավը դեռ ծանր է, քանի որ այս դաժան պատմության վրա կառուցված կառավարություններն ու համակարգերը երբեք ստիպված չեն եղել դրա գինը վճարել: Մենք պետք է շարունակենք լույս սփռել այս անարդարության վրա, մինչեւ պարկեշտ մարդիկ չսկսեն վերանայել իրենց ֆինանսական, քաղաքական եւ էմոցիոնալ գործընկերությունը այս ռեժիմների հետ:

Նրանք ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումների վրա։ «Արցախն ու Հայաստանը՝ տարածաշրջանի բացառիկ ժողովրդավարությունները, չեն կարող զոհաբերվել հանուն որևէ մեկի քաղաքական նպատակահարմարության»,- նշել ենՇերն ու Էսրաիլյանը։

Նրանք համոզված են, որ որպես աշխարհում հեղինակություն և ազդեցություն ունեցող անձինքն իրենք պետք է կիրառեն իրենց ներուժը և հնարավորությունները՝ ամենաբարձր մակարդակներով պատմելու այս պատմությունը։

«Երկար մտածեք՝ փաստերի վրա աչք փակելուց առաջ, նպատակ ունենալով աջակցել ֆինանսապես գրավիչ բռնապետներին՝ անտեսելով մյուսներին։ Մենք շարունակելու ենք կիսվել մեր պատմություններով՝ օգնելու մեր հայրենիքում գտնվող մեր եղբայրներին ու քույրերին և տրամադրելով աջակցություն՝ պաշտպանելու սրբավայրերը։ Իր հերթին, մենք խնդրում ենք Միացյալ Նահանգների մեր քաղաքական առաջնորդներին և աշխարհի բոլոր այն մարդկանց, ում համար կարևոր են արդարությունն ու արժանապատվությունը, բոյկոտելու և պատժամիջոցներ կիրառելու այս մարդասպան ռեժիմների դեմ, դադարեցնել գումարի չդադարող հոսքը դեպի նրանց և կիրառել ավելի հետևողական չափորոշիչներ այն ժամանակ, երբ խոսք է գնում մարդու իրավունքների մասին»,-նշել են Շերն ու Էրիկ Էսրաիլյանը։

 

  • Կիսվել: