երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ցանկացած իշխանության և կառավարող ուժի արդյունավետ կառավարման գրավականը կայունության և տևականության մեջ է. Գուրգեն Ներսիսյան

Ցանկացած իշխանության և կառավարող ուժի արդյունավետ կառավարման գրավականը կայունության և տևականության մեջ է. Գուրգեն Ներսիսյան

«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Հարցազրույցը՝ ստորև.
 
«Այլ տարբերակ չունենք, քան սեփական հողում և հայրենիքում մնալն ու արարելը»
 
-Պարոն Ներսիսյան, արդեն 158-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը և որքա՞ն կկարողանա Արցախը դիմակայել օր-օրի ահագնացող խնդիրներին:
 
– Արցախն այսօր դիմանում է մեր հերոսական ժողովրդի կամքի ու համառության հաշվին: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր քայլերը արցախցիներին ճնշելու և հպատակեցնելու նպատակով, թեև այն ադրբեջանցիներին անհրաժեշտ արդյունք չի ապահովում: Այդուհանդերձ դժվարությունները շատ են: Արցախի բնակչությունն ապրում է առանց բնական գազի, իսկ էլեկտրաէներգիան ստանում են ընդհատումներով, միրգն ու բանջարեղենը, առաջին անհրաժեշտության մյուս ապրանքները ձեռք են բերվում կտորններով, ընդամենը երեկ է վերականգնվել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության արցախյան առաքելության կողմից դեղորայքի մատակարարումը: Ունենք առողջական խնդիրներ ունեցող բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր պետք է Հայաստանի Հանրապետությունում անցնեն վիրահատություններ, քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման կուրսեր, սակայն ստեղծված խնդիրների պատճառով չեն կարող: Ախր խնդիրը միայն սնունդը կամ ուտելիքը չէ, կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք մեծ մարդկային տառապանքներ են պատճառում մեր ժողովրդին: Բայց չնայած օր-օրի ահագնացող հումանիտար վիճակին, մենք այլ տարբերակ չունենք, քան սեփական հողում և հայրենիքում մնալն ու արարելը:
 
«Արցախում ոչ ոք ավելի սերտ շփման մեջ չէ ռուս խաղաղապահների հետ, քան ես»
 
 – Ինչպես կանդրադառնա Արցախում առկա ներքաղաքական իրավիճակը շրջափակման վրա, պատրա՞ստ եք ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար Ձեր տեղը զիջել Սամվել Բաբայանին:
 
 – Անկեղծ ասած ես ամոթ եմ ապրում, երբ խոսվում է Արցախում ներքաղաքական լարվածության, քաղաքական պայքարի ու մրցակցության մասին: Արցախը հիմա պետք է զերծ լիներ քաղաքական գործընթացներից և բոլորը լծված լինեին աշխատանքի: Մինչդեռ ամենուր խարդավանքներ ու բամբասանքներ են, կեղտոտ խաղեր: Ոմանց թվում է, որ եթե Արցախի պետական նախարարին կամ այլ պաշտոնատար անձի թիկունքից սուտ տեղեկություններով ու բամբասանքներով հարվածում են կամ փորձում են հեղինակազրկել, ապա դրանից Արցախը շահում է, մինչդեռ դրանից Արցախը չի շահում, ընդամենը բավարարվում են ոմանց ներքին, հոգեբանական  պահանջները: Պետական նախարարի պաշտոնում աշխատելու երկու ամսվա ընթացքում այդպիսի բազմաթիվ երևույթների եմ հանդիպել:
 
Պատկերացնում եք, որ Արցախում կան շրջանակներ, ովքեր իմ կողմից հնչեցրած այս կամ այն հայտարարությունը խեղաթյուրված բովանդակությամբ թարգմանում և ուղարկում են ռուս խաղաղապահներին, ովքեր հետո դա ինձ ցույց են տալիս և զարմանք արտահայտում այդ նույն մարդկանց նման վարքի վրա: Ի վերջո, Արցախում ոչ ոք ավելի սերտ շփման ու համագործակցության մեջ չէ ռուս խաղաղապահների հետ, քան ես, իսկ դրա արդյունքները Արցախում նկատելի է բոլորի կողմից: Բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են վնաս հասցնել Արցախին՝ միայն թե բավարարեն իրենց ամբիցիաները:
 
 Ինչ վերաբերում է իմ տեղը զիջելուն, ապա ուզում եմ ասել, որ Արցախի պետական նախարարի պաշտոնը իր չէ և չի կարող առևտրի առարկա լինել, այն ենթադրում է պատասխանատվություն և համարյա 24 ժամյա աշխատանք, որը հիմա մեր կողմից կատարվում է: Ես երբեք որևէ պաշտոնից կառչած չեմ եղել, բայց նաև չունեմ իմ առջև դրված խնդիրներից հրաժարվելու բնավորություն: Այն ծրագրերը և աշխատանքները, որոնք իմ կողմից դրված են կառավարության առջև, որոշ շրջանակների մոտ առաջացրել և առաջացնում են վախեր, անհանգստություններ,  ինչը ենթադրում է նաև պետական նախարարին փոխելու, պաշտոնանկ անելու մասին պարբերական հայտարարություններ, սակայն մենք լուռ ու համբերատար կատարում և շարունակելու ենք կատարել մեր աշխատանքը:
 
 – Ձեզ եղել է առաջարկ ՀՀ վարչապետի կամ Արցախի նախագահի կողմից թողնել պաշտոնը:
 
 – Ո՛չ, նման առաջարկ ինձ չի եղել: Բայց ուզում եմ իմանաք, ես այն մարդը չեմ, ում կարելի է նշանակել, հետո պայմանավորվել հանել, ես գլխավոր դատախազի պաշտոնից եկել ու սնանձնել եմ պետական նախարարի պարտականությունները՝ բազմաթիվ անընդունելի երևույթների դեմ պայքարելու, անարդարության դրսևորումները նվազեցնելու և որոշակի արդարություն վերականգնելու համար, ինչպես եք պատկերացնում, կարելի՞ է արդյոք նման նպատակից հրաժարվել և պայմանավորվածությունների գնալ: Պաշտոնը ինձ համար հնարավորություն է՝ ծառայելու և աշխատելու համար և ես այդ հնարավորությունը հիմա օգտագործում եմ առավելագույն չափով:
 
«Սորոսականությունը և նմանօրինակ երևույթները Արցախում տեղ չունեն»
 
-Պարոն Ներսիսյան, մի շարք փորձագետներ գտնում են, որ Արցախում տեղի է ունենում գունավոր հեղափոխություն և իշխանության սորոսականացում: Դուք տեսնո՞ւմ եք նման վտանգներ:
 
 – Սորոսականությունը և նմանօրինակ երևույթները Արցախում տեղ չունեն և չեն կարող ունենալ: Այն ամենը, ինչը կարող է վնաս հասցնել մեր ազգային արժեքներին, հանրային գիտակցությանը, խարխլել առանց այդ էլ ոչ մխիթար վիճակում գտնվող մեր ներքին համերաշխությունն ու միասնականությունը, ստանալու է լուրջ հակազդեցություն: Բացի դրանից, ուզում եմ ի վերջո վերջ տրվի իշխանության հանդեպ այդ անլուրջ վերաբերմունքին, ցանկացած իշխանության և կառավարող ուժի արդյունավետ կառավարման գրավականը կայունության և տևականության մեջ է, իսկ մենք այդ ամենին վաղուց արդեն նայում ենք այլ աչքով և իշխանական պայքարը վեր ածում սեփական ցանկությունների և ամբիցիաների բավարարման հարթակի: Դա անընդունելի է, ես իմ լիազորությունների շրջանակում լրջագույն պայքար եմ տանելու Արցախի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության գործունեության նկատմամբ այդ անլուրջ վերաբերմունքը չեզոքացնելու ուղղությամբ: Այդպիսի մոտեցումներն անընդունելի են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության տեսանկյունից, իսկ նրանք, ովքեր չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, պետք է խոհեմություն ցուցաբերեն և հեռու մնան նման գործընթացներից:  

  • Կիսվել: