կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բոլոր ժամանակներում հայը, հայոց լեզուն և հայրենիքը նույնական են եղել. Ստեփանակերտում Մայրենիին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Բոլոր ժամանակներում հայը, հայոց լեզուն և հայրենիքը նույնական են եղել. Ստեփանակերտում Մայրենիին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ փետրվարի 21-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Լեզվի տեսչության կողմից Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում կազմակերպվել է միջոցառում` նվիրված Մայրենիի միջազգային օրվան։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցները Արցախի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-9-րդ դասարանների աշակերտներն էին:
 
ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն տարի Հանրապետության հանրակրթական հաստատությունների հետ համատեղ կազմակերպվում են Մայրենիի օրվան նվիրված միջոցառումներ, իսկ այս տարի փորձել են միջոցառումը վերածել մրցույթի:
«2005 թվականից ի վեր Արցախում նշվում է Մայրեննի օրը, և հենց առաջին օրվանից առայսօր նշում ենք ըստ արժանվույն, որովհետև Արցախում յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչ դեր ու նշանակություն ունի Հայոց լեզուն հայ մարդու, մասնավորապես` արցախցու համար: Այս տոնը քիչ դանդաղ, բայց աստիճանաբար ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում հասարակության շրջանում: Այդ է վկայում միջոցառումների նկատմամբ մարդկանց` տարեցտարի աճող հետաքրքրությունը: Մենք տեսնում ենք, որ այսօր հայ մարդն ավելի լավ է գիտակցում մայրենիի դերն իր կյանքում, հատկապես` շրջափակված Արցախում և առավելապես՝ հետպատերազմյան շրջանում»,-ասել է Ա. Ղուլյանը:
Նա իրազեկել է, որ ուսումնական տարվա ընթացքում Լեզվի տեսչության մասնագետները ուսումնական հաստատություններում մշտապես աշխատանքներ են տանում, մասնակցում դասընթացներին։
 
«Գլխավոր խնդիրը երեխաների մեջ ամրապնդելն է մայրենիի հանդեպ սերը, որովհետև միայն մեկ օր չէ, որ պետք է հարգանքի տուրք մատուցենք կամ գիտակցենք հայոց լեզվի դերի կարևորությունը։ Հայերիս համար մայրենին սոսկ հաղորդակցման միջոց չէ: Բոլոր ժամանակներում հայը, հայոց լեզուն և հայրենիքը նույնական են եղել: Հայը մնացել է հայ՝ հայերեն խոսելով: Սա նշանակում է, որ հայրենիքից դուրս հայ մարդը դատապարտված է ուծացման: Ուրեմն` յուրաքանչյուրս մեր չափով պետք Է փայփայենք մեր լեզուն»,-ընդգծել է Լեզվի տեսչության պետը:
 
Միջոցառման ընթացքում դպրոցականները ներկայացել են ասմունքով, երգով կամ պարով, կազմակերպվել է նաև գրական երկի վերլուծություն:

  • Կիսվել: