հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի գործարկումն իրականություն է դառնում

Արցախում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի գործարկումն իրականություն է դառնում

Այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի և պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց մի խումբ ծնողների և ընտանիքների անդամների հետ:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:
 
Հանդիպման առանցքային թեման Միքայել Վիրաբյանի և Արմեն Մանգասարյանի նախորդ օրվա հանդիպման ընթացքում օրախնդիր հարցերի քննարկման տրամաբանական շարունակությունն էր, այն է՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ընտանիքների համար Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցության տրամադրումը և գործընթացի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակը։
 
Հանդիպման ընթացքում ծրագրի շահառուները հնարավորություն են ունեցել ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև համոզվել, որ երկար սպասված ծրագրի գործարկումն արդեն իրականություն է դառնում:
 
Արմեն Մանգասարյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն արդեն տեղափոխվում են առարկայական փուլ և սեղմ ժամկետներում հնարավոր կլինի տեսնել  արդյունքը:
 
Նա  հավելել է, որ շահառու ընտանիքներին, բացի Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հավաստագրերից, ըստ հաջորդականության (բնակարանը ձեռք բերելուց հետո) կտրամադրվեն նաև բնակտարածքի կահավորման սերտիֆիկատներ (ծրագիրը կգործարկվի, համապատասխան որոշմամբ հաստատվելուց հետո):
 
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից հավելեցին, որ փաստաթղթերի ընդունման գործընթացը  չի մեկնարկել. մանրամասները քննարկելուց  և ամբողջացնելուց հետո  համապատասխան գերատեսչությունները կտարածեն հայտերի ընդունման մասին հայտարարություն։
 
Հիշեցում.
Բնակտարածքի ձեռքբերման արժեքի պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կազմում է 20 մլն դրամ, երեք անձի դեպքում՝ 21 մլն դրամ, իսկ չորս և ավելի անձանց դեպքում՝ 22 մլն դրամ:
 
Բնակտարածքի կահավորման համար պետական աջակցության առավելագույն չափը մեկ կամ երկու անձի դեպքում կկազմի 1 300 000 ՀՀ դրամ, երեք կամ չորս անձի դեպքում՝ 1 600 000 ՀՀ դրամ, հինգ և ավելի անձանց դեպքում՝ մինչև 2 000 000 ՀՀ դրամ։
 

  • Կիսվել: