հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բելգիաբնակ թավջութակահար Սևակ Ավանեսյանը հանդիպել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների  հետ

Բելգիաբնակ թավջութակահար Սևակ Ավանեսյանը հանդիպել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների հետ

Բելգիայում բնակվող հայազգի թավջութակահար Սևակ Ավանեսյանի  նվագը դեռ Շուշիի` գերության մեջ գտնվող Սուրբ Ղազանչեցոց  եկեղեցու պատերի ներսում է։ Թավջութակահարը կրկին  Արցախում է։ Եվ  այսօր` մայիսի 28-ին, Ստեփանակերտում հանդիպել է  Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողների  հետ:  

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ս. Ավանեսյանն անկեղծանում է, որ թեև հաճախ է այցելում Արցախ, բայց ամեն անգամ վիրավոր Շուշին տեսնելիս հոգու ցավը նկարագրել չի կարողանում։

«Ինչ վերաբերում է քոլեջի երիտասարդներին, նրանցից մի քանիսի կատարումները լսել  և ուղղակի    հիացած եմ։

Ամեն անգամ այստեղ գալով` փորձում եմ Արցախի  շենացման համար մի լավ բան անել: Այս անգամվա այցս Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ մարզահրապարակներ կառուցելու ծրագրով էր պայմանավորված։ Սա ևս մեկ առիթ էր շփվելու Արցախի երիտասարդների հետ: Այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս ոգևորություն առաջացնելու արցախցիների մեջ և կրկին հիշեցնելու, որ նրանք մենակ չեն: Մենք չենք կարող մեր կյանքը ապրել ինչպես եվրոպացին, մենք մեր ուսերին ունենք մեծ պարտականություն, մենք ապրում ենք մեր հերոս տղաների կորցրած կյանքի գնով և պարտավոր ենք այն ապրել արժանապատիվ։ Եթե ես լինեի այլ ազգի ներկայացուցիչ լինեի,  հաստատ, հիմա  այս գիտակցումը չէի ունենա, բայց քանի որ ես հայ եմ, դրանով ամեն ինչ ասված է»,- նշել է թավջութակահարը` իրազեկելով, որ ընթացիկ տարվա հուլիսի 18-31-ը Ստեփանակերտում կանցկացվի  «Զարթոնք» ամառային երաժշտական-ստեղծագործական ակադեմիան՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի պատանիների և երիտասարդների համար։ Ակադեմիայի գեղարվեստական ղեկավարն է  ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը։

Ակադեմիայի դասախոսական կազմում ընդգրկված են Հայաստանի ու Սփյուռքի լավագույն արվեստագետները և մասնագետները։

  • Կիսվել: