ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լուկաշենկոյի մոտեցումը Ղարաբաղյան հակամարտությանը

Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է Լուկաշենկոյի մոտեցումը Ղարաբաղյան հակամարտությանը

Բելառուսը գործնականում հաստատում է իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին։ Մինսկը մշտապես հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Այս մասին ասված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Բելառուսի ԱԳՆ-ի կայքում։

Գլազը նշել է. ՛՛Հայաստանի ԱԳՆ-ն բավական ինքնատիպ դիրքորոշում է որդեգրել։ Իր դաշնակցային պարտավորություններին Բելառուսը հավատարիմ է ոչ թե խոսքով, այլ գործով, որը հաստատում է իր ողջ պատմության ընթացքում, այդ թվում ՝ այս դժվարին պահին: Պրոֆեսիոնալ չէ այդ ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը։ Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության գծերից մեկն է։ Ուստի հետագայում ևս մեր գործընկերներն ու դաշնակիցները պետք է վստահ լինեն դրանում՛՛:

Գլազի խոսքով՝  ՛՛եթե մյուս երկրները նույն կերպ վարվեին, ապա շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել՛՛:

Նա նաև նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Լուկաշենկոյի մոտեցումը հիմնված է իրականության վրա, հասկանալի է և ազնիվ` դաշնակցի տեսանկյունից։

՛՛Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետևողականորեն հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ զգալի ջանքեր գործադրելով բոլոր հասանելի ձևաչափերում՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՛՛, - ավելացրել է մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով` Ադրբեջանի ու Հայաստանի նախկին և ներկա առաջնորդները շնորհակալ են բելառուսական պետության ղեկավարին Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղության ու բարեկեցության անկեղծ ցանկության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում անձնական ներդրման համար:

՛՛Ուստի խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին և գործընկերներին ուշադիր կարդալ և վերընթերցել բելառուսական պետության ղեկավարի բազմաթիվ ելույթները այս բարդ, բայց միանգամայն լուծելի հարցի վերաբերյալ՛՛, - եզրափակել է Գլազը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքորոշումներին, ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունները դաշնակցային չեն և բանակցությունների տրամաբանությունից կտրված են:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ արտահերթ նիստում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ պետությունների համար թշնամի կամ հակառակորդ չէ, ճիշտ չի լինի ՀԱՊԿ-ը հակադրել Ադրբեջանին: Նա շեշտել էր` Ադրբեջանն այժմ գլխավորում է բացարձակապես ՛՛մեր մարդը՝ Իլհամ Ալիևը՛՛։ Բելառուսի նախագահը հավելել էր, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը Բելառուսի համար ՛՛հարազատ՛՛ երկրներ են, և հակամարտությունը երկու երկրների միջև պետք է կարգավորվի բացարձակապես խաղաղ ճանապարհով:

Բացի այդ՝ երեկ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ էլ Լուկաշենկոն ասել է, որ Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ վաղուց է առաջարկել, սակայն Հայաստանը չի համաձայնել, և Ադրբեջանի նախագահին այլ լուծում չի մնացել, քան ուժայինը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: