ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բաքվի վերջին քայլերը հասարակությանը պատերազմի նախապատրաստելու հստակ մեսիջներ են պարունակում․ Տիգրան Աբրահամյան

Բաքվի վերջին քայլերը հասարակությանը պատերազմի նախապատրաստելու հստակ մեսիջներ են պարունակում․ Տիգրան Աբրահամյան

Բաքվի վերջին քայլերի ու հայտարարությունների, ինչպես նաև այս համատեքստում սահմանագծում իրադրության զարգացման մասին PrimeNewsy զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։  

 - Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիք են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։ Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են։ Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով, ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ։

Ակնհայտ է, որ դա կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, որովհետև բացի նրանից, որ դա հավաքի մասնակիցները Ադրբեջանի նախագահի կարգախոսներով են երթն իրականացնում, նրանց ավտոբուսներով բերել էին երկրի տարբեր հատվածներից՝ ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, իսկ տեղում հավաքին ակտիվ աջակցում էին տեղական ինքնակառավարման մարմինները:

Ի դեպ, սա այս տարվա ընթացքում արդեն 3-րդ նմանատիպ ակցիան էր: Եթե կարճ ձևակերպենք հավաքի նպատակը, ապա այն իշխանությունների կողմից հասարակությանը պատերազմի նախապատրաստելու հստակ մեսիջներ էր պարունակում՝ դա նկատելի էր և կարգախոսներից և դրան ուղեկցող հայտարարություն-մեկնաբանությունենրից:

-Ալիևը վերջին օրերին ակտիվ հայտարարություններ է հնչեցնում, վերջինը վերաբերում էր Զանգեզուրի՝ ադրբեջանական հող լինելուն: Ինչո՞վ եք պայմանավորում այս հայտարարությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ամբիցիաներ առաջին անգամ չէ, որ հնչում է, խոսքը վերաբերում է նաև Զանգեզուրին: Սա տեղավորվում է վերջին շրջանում Ադրբեջանի կոշտ դիրքորոշումների համատեքստում: Վերջին մեկ ամսվա ընթացքում հնչող հայտարարությունները իրականում խոսում են Ադրբեջանի քաղաքական էլիտայի տրամադրությունների մասին, ցավոք, դրանում ոչինչ չկա խաղաղության և բանակցային գործընթացի մասին:

-Սրան զուգահեռ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ընդգծված ջերմ ձևով խոսում էր Ալիևի հետ եղբայրության և միասնականության մասին, բոլոր հարցերում Ադրբեջանին օգնելու պատրաստականության մասին: Արդյո՞ք սա նոր գործընթացի մեկնարկ է ազդարարում:

Այդ երկրների միջև ջերմ կապն ու միասնությունն իր գործնական ազդեցությունն ունի երկկողմ ռազմաքաղաքական հարաբերությունների վրա: Բոլոր մակարդակներում Ադրբեջանն ու Թուրքիան հանդես են գալիս միևնույն դիրքերից՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, քարոզչական, լոբբիստական:

Ամեն դեպքում այս դուետը մեծ սպառնալիք է տարածաշրջանի համար և անընդհատ նոր վտանգներ է առաջացնում:

-Այս իրադարձությունների ֆոնին, ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում:

Հուլիս-օգոստոս ամիսների համեմատ իրավիճակային որոշակի փոփոխություններ են նկատվում: Տարբեր օրերին հրադադարի ռեժիմի խախտումները թիվը որոշակիորեն գերազանցում է նախորդ ամիսներին արձանագրվող խախտումների թվին:

Զինված ուժերն իրենց ծառայությունը կրում են՝ իրավիճակի բոլոր նրբությունները հաշվի առնելով, իսկ հակառակորդի ակտիվությունն անհրաժեշտ վերլուծությունների, ապա՝ քայլերի է հանգեցնում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: