Բաքվի դատարանն «ապացուցված» է համարել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «մեղքը»
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով հարուցված կեղծ դատավարությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ադրբեջանցի պետական մեղադրողն ՛՛ապացուցված՛՛ է համարել նրանց ՛՛մեղքը՛՛՝ միաժամանակ պնդելով, թե դատարանի առջև այսօր կանգնած է ՛՛բազմաթիվ ՛՛հանցագործություններ՛՛ իրականացրած անձանց ընդամենը մի մասը:
Գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են ՛՛հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը՛՛:
Մասնավորապես՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է ՛՛պատերազմ սկսելու և իրականացնելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման՛՛ և այլ ծանր հանցագործությունների մեջ:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և նրանց հետ միասին դատարանի առջև կանգնած 15 հայերի համար մեղադրողի պահանջած պատժաչափերի մասին այս պահին որևէ տեղեկություն չի հաղորդվում:


