երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօրվանից Արցախում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության

Այսօրվանից Արցախում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության

Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ դեկտեմբերի 21-ից ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն անցնում են ուժեղացված ծառայության:

Նպատակը՝ տոնական օրերին հանրապետությունում հասարակական կարգի և քաղաքացիների անվտանգության պատշաճ ապահովումն է:

Նախատոնական օրերին, մասնավորապես, ուժեղացված ծառայություն կիրականացնեն ոստիկանության պրոֆիլակտիկայի ծառայության ստորաբաժանումները, պարեկապահակետային ծառայության, քրեական հետախուզության և ճանապարհային ոստիկանության ծառայողները:

«Տոնական օրերին մեքենա վարելու դեպքում՝ ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց: Ոստիկանությունը միաժամանակ կոչ է անում և հորդորում բոլոր ծնողներին՝ հատկապես ուշադիր լինել անչափահասների հանդեպ: Վերջիններիս զերծ պահել ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից:

Նախորդ տարիների փորձը վկայում է, որ տոնական օրերին ոստիկանության ծառայողների խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման վերաբերյալ օպերատիվ արձագանքը կտրուկ նվազեցնում է պատահարների, վթարների ու վրաերթերի ելքով  տուժածների թիվը:

Ոստիկանության ծառայողներն ամենայն խստությամբ կիրականացնեն իրենց գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու վերաբերմունքը:

Միասին պահպանենք տոնի լուսավոր խորհուրդը և բարձր պահենք փոխադարձ հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:

ԱՀ Ոստիկանությունը շնորհավորում է գալիք Նոր տարվա և Սուրբծննդյան տոների կապակցությամբ և մաղթում ջերմություն ու բարեկեցություն բոլորիս օջախներին», - նշված է տարածված հաղորդագրությունում։

  • Կիսվել: