կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում Հայաստան. Նազելի Բաղդասարյան

Այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում Հայաստան. Նազելի Բաղդասարյան

Սեպտեմբերի 19-ից ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից Հայաստան է տեղափոխվել 237 բուժառու, որից 142-ը տեղափոխվել են ուղղաթիռով, 95-ը՝ շտապօգնության մեքենաներով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այսօր պլանավորվում է շուրջ 80 բուժառուի տեղափոխում: Նրանցից ոմանք այսօր բուժում են ստանում հիվանդանոցներում, որոշ մասը դուրս է գրվել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն իր հերթին նշեց, որ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները ծառայություն են իրականացնում բոլոր այն հիվանդանոցներում, որտեղ կան վիրավորներ: Խոսքը և՛ պայթյունից, և՛ ռազմական գործողություններից տուժածների մասին է:

«Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողներն այնտեղ իրականացնում են կարիքի գնահատում` հասկանալու համար՝ նրանց ընտանիքի անդամները, որոնք նույնպես բռնի տեղահանված են և գտնվում են այս պահին ՀՀ տարբեր հատվածներում, ինչպիսի կարիք ունեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նման ծառայություն է իրականացվել նաև 2022-ի սեպտեմբերյան դեպքերից հետո:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ իրականացվող աշխատանքներում ներգրավված են նաև հոգեբաններ, որոնց կարիքն այս օրերին կա և չափազանց կարևոր է:

  • Կիսվել: