երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այն անձինք, ովքեր պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ դրանք հայր և որդի Ալիևներն են․ Հայտարարություն՝ ի պաշտպանություն Արայիկ Հարությունյանի

Այն անձինք, ովքեր պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ դրանք հայր և որդի Ալիևներն են․ Հայտարարություն՝ ի պաշտպանություն Արայիկ Հարությունյանի

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար  Հայկ Այվազյանը հանդես է եկել  հայտարարությամբ՝ ի  աջակցություն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ում նկատմամբ ադրբեջանական իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել և սպառնացել կալանավորմամբ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Փետրվարի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հնարավորինս սեղմ ժամկետներում կկալանավորվի և կհանձնվի հետաքննությանը։ Արայիկ Հարությունյանին մեղադրում են խաղաղ բնակիչների սպանությունների և տեռորիզմի մեջ, ինչի մասին երկու օր է ինչ ողողված է ադրբեջանական մամուլը։

Զարմանալի է, որ խաղաղ բնակիչների սպանության մեջ Արցախի նախագահին մեղադրում է մի պետություն, որի տարածքում 1988-1990 թվականներին իրականացվեց հայ բնակչության զանգվածային սպանություններ ցեղասպանության հատկանիշներով՝ կազմակերպված հանցավոր խմբավորումների կողմից Ադրբեջանի ղեկավարության թողտվությամբ, համաձայնությամբ և կազմակերպմամբ։ Մինչ օրս Խորհրդային Ադրբեջանում ազգությամբ հայերի ցեղասպանության համար որևէ մեկը Ադրբեջանում պատասխանատվության չի ենթարկվել։ Եվ ինչու պետք է ենթարկվեր, եթե այսօրվա Ադրբեջանի նախագահն է այն մարդը, ում հայրը՝ Հեյդար Ալիևը հայերի ցեղասպանության անմիջական կազմակերպիչներից էր։
Ի դեպ, Հեյդար Ալիևի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը կարելի է ուսումնասիրել նաև այլ տեսանկյունից։

Հայտնի է, որ Արևմուտքի կողմից ԽՍՀՄ փլուզման օպերացիայի էլեմենտներից մեկը նաև ԽՍՀՄ տարածքում միջէթնիկական բախումներ հրահրելու գործընթացն էր։ Մտնու՞մ էր արդյոք այն ժամանակվա Ադրբեջանի ղեկավար՝ Հեյդար Ալիևի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության կազմակերպումը ԽՍՀՄ փլուզման նպատակով արևմտյան հատուկ ծառայությունների օպերացիայի տրամաբանության մեջ։
Ժամանակին հարցազրույցներից մեկի ժամանակ Հեյդար Ալիևին հարցրել էին, թե ի՞նչ զգացողություններ էր նա ունեցել, երբ իմացել էր ԽՍՀՄ փլուզման մասին։ Հեյդար Ալիևը պատասխանել էր. «Հաճելի զգացողություններ»։

Այնպես որ, այն անձինք, ովքեր պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ դրանք հայր և որդի Ալիևներն են։ Հեյդար Ալիևը պատմության առաջ՝ 1988-1990 թթ․ իրականացված հայերի ցեղասպանության, իսկ Իլհամ Ալիևը պետք է պատասխան տա Արցախի հայ խաղաղ բնակչության դեմ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների և արգելված զինատեսակներ՝ զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու համար։
Վերադառանալով Ադրբեջանի կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու որոշմանը, պետք է արձանագրել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձելու են ձերբակալել Արայիկ Հայրությունյանին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ ԶՈՒ ներկայացուցիչների գործունեության իրականացման տարածքում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի այս քայլը ուղղված է առաջին հերթին ռուսական խաղաղապահների դեմ։

Ադրբեջանը սկսել է սադրիչ գործողությունների գործընթաց, որով փորձելու է ՌԴ ԶՈՒ խաղաղապահներին մեղադրել անջատողականության և ահաբեկչության մեջ մեղադրվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան «հանցագործին» պաշտպանելու իրողության մեջ։
Հաշվի առնելով, որ Արցախի հայապատկան հատվածում ապրող բնակչության անվտանգության միակ և իրական երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է իր խաղաղապահ ուժերով, Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը նման սադրանքներով փորձելու է ռուսական խաղաղապահ ուժերին դուրս բերել Արցախից՝ Արցախը հայաթափելու գործընթացը վերջնական ավարտին հասցնելու նպատակով։

Սա Ռուսաստանի դեմ ուղղված հերթական նենգ քայլն է, այն էլ աշխարհաքաղաքական այս պատասխանատու պահին, երբ Ռուսաստանը իր անվտանգության երաշխիքների մասին պահանջներն է ներկայացերլ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։

Դատելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Վլադիմիր Սոլովյովին տված վերջին հարցազրույցից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի անդամակցությունը նոր կազմավորվող Միութենական պետությանը խնդրահարույց է, քանի որ վերջինս գտնվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղակի կառավարման ներքո։

Արդյո՞ք Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ սկսված այս գործընթացով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հերթական ծառայությունն է մատուցում ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին, թե՞ ուղղակի Ալիևը կատարում է ՆԱՏՕ-ի ղեկավարության հրամանը, ցույց կտա ժամանակը և սպասվելիք քաղաքական գործընթացները Արցախում»։


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: