կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այդ քայլերը նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատարությունը. Աբրահամյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

Այդ քայլերը նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատարությունը. Աբրահամյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նկատել է, որ ադրբեջանական և թուրքական քարոզչամեքենան հակառուսական արշավ է սկսել. նա ադրբեջանական կողմի սադրանքներն Արցախի, Հայաստանի ուղղությամբ դիտարկում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշման համատեքստում: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:  

Անդրադառնալով Արցախում գազամատակարարման հարցում առաջացած խնդրին՝ պատգամավորն ասաց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես վերջին 10 օրերին շփման գծի տարբեր ուղղություններով՝ և Արցախի, և Հայաստանի, Ադրբեջանը դիմում է տարբեր բնույթի սադրանքների, մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ»:

Պատգամավորը նկատեց՝ նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանը դեռևս թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել, տեղում իրավապահ մարմիններին աշխատանքներ իրականացնել, ապա այս թեմայով վերջնական եզրահանգում չկա: «Բայց մեծ է հավանականությունը, որ հաշվի առնելով հանգամանքը, որ գազատարի վերահսկողությունը հիմնական ադրբեջանական զորքերինն է այդ հատվածում, ապա այդ մասում կարող է Ադրբեջանի կողմից տեղի ունենալ, ըստ էության, ահաբեկչական գործողություն»,-ասաց Աբրահամյանը:

Նա նշեց՝ պետք է նկատի ունենալ, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում եղել է ՀՀ սահմանագծի Երասխի հատվածում ադրբեջանական կողմից իրականացված ագրեսիա, որի արդյունքում հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի և Մարտունու շրջանի Նորշեն և Թաղավարդ գյուղի տարածքվում Ադրբեջանը դրսևորում է տարբեր բնույթի սադրանքներ, որոնք սկսում են հրաձգային զենքերից արձակված կրակահերթերով, ականանետի կիրառմամբ, ինչպես նաև հոգեբանական գրոհի իրականացմամբ, որն  արտահայտվում է բարձրախոսների միջոցով՝ հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների, նաև զգուշացնող հայտարարությունների տարածմամբ: Այդ հայտարարությունների հիմքում դրված է հետևյալ միտքը, որ նրանք պետք է հեռանան այդ հատվածներից, քանի որ իրենց հողերն են, հակառակ դեպքում հանելու են ուժի միջոցով»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից կա հստակ իրականացվող համակարգային գրոհ Արցախի ուղղությամբ:

Աբրահամյանը նկատել է, որ ադրբեջանական քարոզչամեքենան արշավ է սկսել ռուսական առաքելության հրամանատարի նկատմամբ, ինչն, ըստ նրա, պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով և դրա ուղղակի և անուղղակի ազդեցությամբ, որը հատկապես սուր արձագանք է ունենում Արցախում: Այս իրավիճակում, ըստ նրա, պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական և թուրքական մամուլը, որոնք ներդաշնակեցված են գործում, աշխատում են հակառուսական քարոզչության տրամաբանության ներքո:

«Եվ այն քայլերը, որոնք այսօր տեղի են ունենում, նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատարությունն Արցախում և առհասարակ Հարավային Կովկասում, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը որքան խորանա, այնքան այդ հարձակումները ՌԴ-ի նկատմամբ՝ տարբեր մակարդակներով, անընդհատ նկատելի են լինելու»,-ասաց Աբրահամյանը:

Այն առաջարկները, որոնք հնչեցվում են ՀՀ ԱԳՆ-ի միջոցով՝ հայելային հետքաշման հետ կապված, չի կարծում, թե այս փուլում կարող են որևէ խնդիր լուծել: Ադրբեջանական գործողությունները լրիվ այլ տրամաբանության ներքո են ընթանում, և պատգամավորը սա նաև որոշակի ազդակ է համարում Հայաստանին և Արցախին առ այն, որ առաջիկայում կարող են լինել տարբեր բնույթի նոր սրացումներ:

Անդրադառնալով Ալիևի՝ խաղաղության մասին հայտարարություններին՝ Աբրահամյանն ասաց. «Խաղաղություն բառն ինքնին շատ գեղեցիկ է հնչում, դրանք օգտագործում են ամենատաբեր կոնֆլիկտների ժամանակ: Բայց դա չի նշանակում, որ խաղաղության մասին խոսողները կամ հայտարարություն հնչեցնողներն իրականում մտածում են խաղաղության մասին: Այն պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, դրա սկզբունքների կամ արդարության մոտեցումների հիման վրա: Ադրբեջանի ասած խաղաղության իմաստը, կարճ ասած հետևյալն է. «Ես ունեմ պահանջներ, բավարարեք այդ պահանջները և կունենաք խաղաղություն»: Բայց ես ավելին ասեմ՝ նույնիսկ այդ պահանջների բավարարման պարագայում, այսինքն ադրբեջանական հավակնությունները բավարարելու պայմաններում էլ այս տարածաշրջանում խաղաղություն չի լինելու»:

Ըստ պատգամավորի՝ հայկական կողմի խնդիրն է հասկանալ, թե տարբեր իրավիճակային զարգացումների պարագայում ինչպես է գործելու, հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ ապրելու է մի տարածաշրջանում, որտեղ լինելու է տարբեր ճգնաժամերի բարձր հավանականություն: Դրա համար նա կարևորեց, որ լինի իշխանություն, որը գիտակցում է իրավիճակի խորությունը, կկարողանա կանխատեսել հնարավոր զարգացումները և նվազագույնի հասցնել Հայաստանի և Արցախի գլխին կախված սպառնալիքները:

  • Կիսվել: