ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավստրալիայի խորհրդարանին Արցախը ճանաչելու մասին խնդրագիր է ներկայացվել

Ավստրալիայի խորհրդարանին Արցախը ճանաչելու մասին խնդրագիր է ներկայացվել

Ավստրալիայի խորհրդարանի կայքում խնդրագիր է ներկայացվել, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Խնդրագիրը ներկայացվել է խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին, այնուհետև փոխանցվել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությանը:

Խնդրագիրը Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությունն է, այն ստորագրել են արդեն 3164 ավստրալացիներ:

Խնդրագրով կոչ է արվում հետևել Ֆրանսիայի խորհրդարանի, Նոր Հարավային Ուելսի օրենսդրական ժողովի և այլ օրենսդրական մարմինների օրինակին և ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը:

Ինչպես նշվում է կայքում՝ Արցախի Հանրապետության տարածքը մասամբ զավթել է Ադրբեջանը՝ հայերի դեմ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած պատերազմից հետո:

Նշվում է նաև, որ փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատում ներկայացվելուց հետո նախարարներն ունեն 90 օր ժամանակ, որպեսզի արձագանքեն:

  • Կիսվել: