հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Ավրորան» գրասենյակ է բացել Ստեփանակերտում

«Ավրորան» գրասենյակ է բացել Ստեփանակերտում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը և հանդես է եկել նախագծերի հայտերի ընդունման ևս մեկ կոչով: 

«Ավրորան» գրասենյակ է բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ավելի արդյունավետ դարձնելու տեղում «Ավրորայի» մարդասիրական գործունեությունը, ամրապնդելու տարածաշրջանում իր ներկայությունը և նպաստելու Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում։

«Ավրորան՝ Արցախին» ծրագրի միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնում է Արցախի ժողովրդին, որը 2020 թ. Արցախյան պատերազմից հետո հայտնվել է հումանիտար ծանր ճգնաժամի մեջ: Ծրագիրը, որն սկզբում ուղղված էր պատերազմից տուժած մարդկանց հրատապ օժանդակություն տրամադրելուն, այսօր աջակցում է նախագծերի, որոնք խթանում են տարածաշրջանի սոցիալական երկարաժամկետ զարգացմանը:

Այս բնագավառում աշխատող և տեղում օգնության կարիք ունեցող ցանկացած կազմակերպություն կարող է հայտ ներկայացնել:

«Ստեփանակերտում «Ավրորայի» գրասենյակ ունենալը վկայում է այն մասին, որ մենք այստեղ ենք երկար ժամանակով: Տասնյակ տեղական և միջազգային գործընկերներ են միացել մեր ծրագրին, և շատ կարևոր է, որ այդ նախագծերը տեղ գտնեն գլոբալ համատեքստում ու կապվեն Արցախի ներկա իրավիճակի հետ: Սա պարզապես գրասենյակ չէ, այլ շահագրգիռ կողմերի համար մի տարածք, ուր իրենք կարող են գալ և ներկայացնել իրենց փորձը՝ վստահ լինելով, որ ոլորտի բոլոր հումանիտար ջանքերը լավ համակարգված են: Համագործակցության նման բանաձևը կարող է ոչ միայն օգնել Արցախին, այլև ամբողջ աշխարհում օրինակ դառնալ բոլորի համար»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն այս ամսվա սկզբին Ստեփանակերտում էր:

Արցախի մարդասիրական օգնության ծրագրի մեկնարկից ի վեր «Ավրորան» ավելի քան 900.000.000 ՀՀ դրամ (1․740․000 ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ աջակցելու տեղական ու միջազգային 55 գործընկերոջ կողմից իրականացվող 80 նախագծի, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին:

««Ավրորան» շարունակում է անցում կատարել զարգացման ծրագրերին, և այս առումով այստեղ գրասենյակ ունենալը թույլ կտա մեզ համահունչ լինել տեղի բնակչության երկարաժամկետ կարիքներին: Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին, որոնց նախագծերը բարելավում են տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները, խթանում են երիտասարդների մասնագիտական հմտությունները, նպաստում են մարդկային կապիտալի զարգացմանը և որևէ այլ ձևով ապահովում են կայուն փոփոխություններ, դիմեն ծրագրին: Մենք վստահ ենք, որ դա կնպաստի տեղական համայնքների ու մեր հայրենիքի հզորացմանը»,- նշել է «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը, որը Արցախում «Ավրորայի» գրասենյակի պատասխանատուն է: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: